ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սաուդյան Արաբիային վտարակ չի դարձնի, քանի որ դա կնշանակի տնտեսական եւ ռազմական հարաբերությունների դադարեցում: Այս մասին CNBC-ի հետ զրույցում ասել է Բուրքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Օ՛Հենլոնը:

«Համաշխարհային տնտեսությունը դեռ սաուդական նավթի կարիք ունի, նույնիսկ եթե մեզ այն պետք չէ, սաուդցիներին մեր ռազմական պաշտպանությունն է պետք, եւ մենք չենք ուզում, որ պարտվենք Իրանի դեմ պատերազմը: Մենք չենք ցանկանում սաուդցիներին Հյուսիսային Կորեայի կամ Իրանի նման վտարակ-պետություն դարձնել»,-կարծիք է հայտնել Օ՛Հենլոնը:

Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերություններն անցել են նախորդ փորձությունների միջով, այդ թվում՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները:

Օբամայի վարչակազմում պետքարտուղարի օգնականի նախկին տեղակալ Ջոել Ռուբինը կարծիք է հայտնել, որ Բայդենը հասկանում է, որ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները «չափազանց կարեւոր են» դրանք կորցնելու համար:

«Բայդենը կաշխատի այդ կապի աջակցման ուղղությամբ, որին արժանի է դաշնակիցը: Սակայն հավանական է, որ մտավախություններ կհայտնի՝ Եմենում Սաուդյան Արաբիայի գործունեության, մարդու իրավունքների խախտման եւ Ջամալ Խաշոգջիի սպանության առնչությամբ»,-ասել է Ռուբինը:

Սպիտակ տան հաղորդմամբ՝ Ջո Բայդենը զրույցել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ ալ Սաուդի հետ, քանի որ նա պատրաստվում է հրապարակել լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ ամերիկյան հետախուզության զեկույցը, որում խոսվում է թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի ներգրավվածության մասին:

Ռուբինը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի համար շատ դժվար կլինի պահպանել արքայազնի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր հրապարակել զեկույցն ու կասկածի տակ էր դրել սպանությանը սաուդցիների կամ արքայազնի առնչությունը: