Չեխիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով մարտի 1-ից երկրի բնակիչների տեղաշարժը ժամանակավորապես կսահմանափակեն: Այս մասին հայտնել է Չեխիայի առաջին փոխվարչապետ եւ ՆԳ նախարար Յան Գամաչեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք որոշում ենք ընդունել երկուշաբթիից 3 շաբաթով քաղաքացիներին արգելել հեռանալ իրենց բնակության շրջանների տարածքից: Բացառությունները թույլատրելի են աշխատանքի, մերձավորներին օգնություն ցույց տալու ուղեւորվելիս, պետական հաստատություններ այցելելիս եւ բժշկի հաճախելիս»,- հայտարարել է նախարարը:

Բնակության շրջաններից հեռանալու համար անհրաժեշտ է փաստաթուղթ ունենալ, որը հաստատում է նման անհրաժեշտությունը, օրինակ՝ աշխատավայրից տեղեկանք: Այս մասին հաղորդվում է Չեխիայի ՆԳՆ կայքում:

Դրանից բացի, քաղաքացիները կարող են հատուկ ձեւաթղթի վրա դիմում գրել գործի շտապ լինելը նշելով:

Չեխիայում 3 շաբաթով սահմանափակել են նաեւ ազգականների հանդիպումները, որոնք նույն շրջանի տարածքում առանձին են բնակվում:

Իշխանություններն ավելի վաղ որոշում էին ընդունել կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի ռեժիմը մինչեւ մարտի 28-ը երկարացնելու մասին: