Նգոզի Օկոնջո-Իվեալան (Նիգերիա) երկուշաբթի ստանձնել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնը: Այս պաշտոնը թափուր էր մնացել 2020 թվականի օգոստոսի 31-ից, երբ կազմակերպության նախկին ղեկավար Ռոբերտ Ազեվեդը լքեց այն մինչ իր լիազորությունների ժամկետի ավարտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկուշաբթի առավոտյան ԱՀԿ կենտրոնակայան ժամանելուց հետո Օկոնջո-Իվեալան ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված թղթակիցների մասնակցությամբ մամուլի ասուլիսին հայտարարել է, որ «բարձրագույն գերակայություններից» է համարում որքան հնարավոր է շուտ ձկնորսության սուբսիդիաների շուրջ բանակցությունների հաջող ավարտին հասնելը:

«Մենք կարծում ենք, որ ձկների չափից ավելի որսը եւ ապօրինի ձկնորսությունը զգալի վնաս են պատճառում»,- ասել է նա` հիշեցնելով, որ ԱՀԿ-ում այս թեմայի շուրջ բանակցությունները «շարունակվում են արդեն 20 տարի, եւ դա բավական է»: Ինչպես ընդգծեց Օկոնջո-Իվեալան, նա «հույս ունի», որ բանակցությունները կավարտվեն այս տարի` հաշվի առնելով, որ ԱՀԿ 12-րդ նախարարական համաժողովը նախատեսված է հունիսին Ղազախստանում: Միեւնույն ժամանակ, գլխավոր տնօրենը չի թաքցրել, որ համաձայնեցում պահանջող «դեռ շատ կարեւոր խնդիրներ կան»: Այդ կապակցությամբ նա կողմ է արտահայտվել «ուժեղ գործընկեր» հանդիսացող հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքին` «արդյունքի հասնելու համար»:

Նիգերիայի ֆինանսների նախկին նախարար, դոկտոր Նգոզի Օկոնջո-Իվեալան ԱՀԿ Գլխավոր տնօրեն էր նշանակվել 2021 թվականի փետրվարի 15-ին Կազմակերպության Գլխավոր խորհրդի հատուկ նիստին: Մինչ այդ նա ստացել էր առավելագույն աջակցություն ութ թեկնածուներից անցյալ տարի գրեթե հինգ ամիս տեւած մի քանի փուլով ընտրական գործընթացում: Սակայն նրա նշանակումն այնուհետ մի քանի ամսով արգելափակվել էր` այն ժամանակվա վաշինգտոնյան վարչակազմի դիրքորոշման պատճառով, որը սատարում էր Հարավային Կորեայի թեկնածու Յու Մյունգ Հիին: Գործադիր տնօրենի հաստատման համար կոնսենսուս է պահանջվում Գլխավոր խորհրդում, այլ ոչ թե` պարզ մեծամասնություն:

ԱՄՆ-ում դեմոկրատ Ջո Բայդենի` իշխանության գալուց հետո Վաշինգտոնի դիրքորոշումը փոխվեց: Փետրվարի 5-ին ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր Նգոզի Օկոնջո-Իվեալայի թեկնածությանն աջակցության մասին:

ԱՀԿ գլխավոր տնօրենը, որը նշանակվում է չորս տարի ժամկետով, ղեկավարում է քարտուղարությունը, պատասխանատու է կազմակերպության վարչական գործողությունների վերահսկման եւ ղեկավարման համար: Նրա դերը հիմնականում խորհրդատվական եւ կառավարչական է, քանի որ ԱՀԿ-ում որոշումները կայացնում են կազմակերպության անդամները կամ նախարարական համաժողովի ժամանակ, կամ Գերագույն խորհրդի կողմից: