Կարծում եմ՝ Հայաստանը շարժվում է դեպի արտահերթ ընտրություններ: Այս մասին «Սվոբոդնայա պրեսա» պորտալի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, Ռազմավարական զարգացման հիմնադրամի փորձագիտական խորհրդի ղեկավար Իգոր Շատրովը:

«Իմ կարծիքով՝ Փաշինյանն այս ամբողջ արկածախնդրությունը ձեռնարկել է մի նպատակով՝ ապահովել իր իշխանության նոր, հետապատերազմական լեգիտիմությունը, իրեն ազատելով Լեռնային Ղարաբաղում պարտության համար անձնական պատասխանատվությունից եւ սլաքներն ուղղելով զինվորականների կողմը: Այս դեպքում Գլխավոր շտաբը ամենահարմար «սլաքավարն» է: «Իսկանդերների» մասին վարչապետի գիտակցված ասած սադրիչ հիմարությունը, իհարկե, չէր կարող չառաջացնել զինվորականների արձագանքը: Փաշինյանը սա հասկանում էր:

Բանակի կողմից հնչեցին բարձրաձայն հայտարարություններ, որոնք Փաշինյանի համար առիթ դարձան գեներալներին մեղադրելու հեղաշրջում պատրաստելու մեջ: Եթե այս վարկածը հանրության կողմից ընդունվի, դժվար չի լինի նաեւ Ղարաբաղում պարտությունը վերջնականապես վերագրել զինվորականներին, որոնք այդ պահին իբր մտածում էին ոչ թե հայրենիքի շահերի պաշտպանության, այլ այն մասին, թե ինչպես զավթեն իշխանությունը:

Առաջին փուտլում նպատակն իրագործվել է՝ աջակիցները Փաշինյանից հետ չշրջվեցին, հավատացին վարչապետին: Ոչ առանց հիմքի իրեն համարելով «փողոցի» քաղաքական գործիչ՝ նա այս դաշտում էլ հույս ունի հաղթահարել ընդդիմությանը՝ ճնշելով նրան իր մոբիլիզիացիոն հնարավորություններով: Իմ կարծիքով՝ առայժմ ամեն ինչ ընթանում է ըստ Փաշինյանի ծրագրի:

Հայաստանը հոգնել է Ղարաբաղի հետ կապված խնդիրներից: Այն պատրաստ է փոխզիջման Ադրբեջանի հետ, սակայն այդ մասին ընդունված չէ բարձրաձայնել: Փաշինյանը խոստանում է այդ փոխզիջումը: Նրա կողմնակիցները դեռ հավատում են նրան: Այո, ակնհայտ է, որ նա խաբում է նրանց, համենայն դեպս ամեն ինչ չէ, որ ասում է` հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը դեռ փակված չէ հօգուտ Ադրբեջանի: Բաքվում այլ կերպ են մտածում եւ չեն հապաղում ցանկացած առիթով խոսել այդ մասին: Բայց մարդիկ միշտ ուզում են լավ բաների հավատալ: Հատկապես, եթե տասնյակ տարիներ իշխանությունները ներշնչում էին, որ Արցախի հայկական հողերը հաստատ կվերադարձվեն Երեւանի վերահսկողության տակ, իսկ համաշխարհային հանրությունը, անշուշտ, կհամաձայնի իրադարձությունների նման ընթացքի հետ»:

Նրա խոսքով` Արեւմուտքը շահագրգռված է իրավիճակի սրմամբ Կովկասում` որպես Ռուսաստանի շահերի գոտուն պատկանող տարածաշրջանում: «Միացյալ Նահանգները միշտ պատրաստ կլինեն փայտ գցել վառվող կրակի մեջ, իսկ Սորոսը` որպես հակամարտությունների վրա կապիտալ կուտակող հերոս, անձամբ է ֆինանսապես հետաքրքրված դրանում»:

«Բանակի դերի լրջությունը կայանում է հենց դրա հետեւողական չմիջամտության մեջ քաղաքական գործընթացներին: Ռազմաճակատից վերադարձող սպաներն ու զինվորները մարդկային կյանքի գինն ավելի լավ գիտեն, քան քաղաքական գործիչները: Ինձ թվում է` Փաշինյանը մի փոքր թերագնահատել է զինվորականներին: Նա բանակից ավելի կոշտ, հուզական արձագանք էր ակնկալում եւ, գուցե, պատրաստ էր նույնիսկ օգնության խնդրանքով դիմել համաշխարհային հանրությանը:

Ռուսաստանը կարող է եւ պետք է օգտագործի իր ներսում ունեցած լծակները, որպեսզի, առաջին հերթին, կանխի արյունահեղությունները եւ երկրորդ` ապահովի օրինական իշխանափոխություն, եթե հայ ժողովուրդը գա ներքաղաքական հակամարտության նման կարգավորման անհրաժեշտությանը: Չեմ կարծում, որ արժե ակտիվորեն միջամտել գործընթացին: Հայաստանի կախվածության մակարդակը, առաջին հերթին` Ռուսաստանից, որն այժմ առկա է, այս փուլում հաստատ կպահի Երեւանը Մոսկվայի ուղեծրում: Գուշակումներ չանենք, սակայն ներկա իրավիճակն օբյեկտիվորեն այդպիսին է: Բավական է հիշել, որ միայն Ռուսաստանի միջնորդությունն ու ռուս խաղաղապահների ներդրումը հնարավորություն տվեցին համաձայնության գալ տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման եւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ երկաթուղային կապի հաստատման շուրջ:

Միայն այս քայլը կարող է դրական առումով արմատապես փոխել տնտեսական իրավիճակը տարածաշրջանում: Ռուսաստանի բացի, ոչ ոք չէր կարող պայմանավորվել այդ մասին: Հայաստանում դա հասկանում են` ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունները: Այնպես որ Հայաստանը Ռուսաստանի համար դեռ կորած չէ, թե՛ Փաշինյանի օրոք, թե՛ առանց նրա»: