Ադրբեջանի եւ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի մեղմացման բանակցությունները սկսվելու են առաջիկայում: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան:

Նրա խոսքով, այժմ ԵՄ-ն սպասում է մանդատի տրամադրմանը: Այդ հարցում դրական օրինակը, ըստ Կոբիայի, Վրաստանն է:

«ԵՄ-ն ցանկանում է մեղմացնել Եվրոպայի եւ Ադրբեջանի միջեւ բնակչության ազատ տեղաշարժի պայմանները եւ դրա համար հարկավոր են երկու կողմերի ջանքերը»,- ասել է Կոբիան:

ԵՄ եւ Ադրբեջանի միջեւ գործում է Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 1999թ., նաեւ իրականացվում է  համագործակցություն 2003-ից գործող բարիդրացիության եվրոպական քաղաքականության շրջանակներում:

2010թ. Եվրոպան Հարավային Կովկասի երկրներին առաջարկել է «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, որն առաջարկել են Լեհաստանն ու Շվեդիան: