Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Կազանում տեղի ունենալիք հանդիպումը կարող է դրական ակնկալիքներով ավարտվել, սակայն որեւէ առաջընթաց՝ փաստաթղթի ստորագրում տեղի չի ունենա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 14-ին հայտարարեց  ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա նշեց, որ ԼՂ հարցում բանակցությունների վիժեցման հիմնական պատճառը Ադրբեջանն է, որը մինչեւ հունիսի 25-ի կազանյան հանդիպումը դժվար թե փոխի իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:  «Առանց այդ հիմնական հարցի շուրջ համաձայնության գալու ԼՂ խնդրի շուրջ չպետք  է ակնկալել որեւէ առաջընթաց կարգավորման հարցում»,-նշեց Մանոյանը:

Խոսելով Կազանում Ադրբեջանի վրա միջնորդ երկրների կողմից ճնշում բանեցնելու ու փաստաթուղթ պարտադրելու հեռանկարի մասին՝ դաշնակցական գործիչը նշեց, թե նման բան հնարավոր չէ, քանի որ կդիտվի բանակցող կողմի կամքին հակառակ քայլ: Միջնորդների նպատակն, ըստ նրա,  տարածաշրջանում ամեն կերպ  խախաղությունն ապահովելն է: «Հնարավոր լինեն ճնշումներ կողմերի վրա, սակայն չեմ կարծում, որ դա հասնի պարտադրանքի:  Միջնորդները փորձում են ստեղծել մթնոլորտ, որում կողմերն ինչ-որ բաների պետք է համաձայնեն, սակայն Ադրբեջանը միեւնույն է չի փոխի իր դիրքորոշումը: Իրենք շարունակում են հայտարարել ԼՂ խնդրի կարգավորման իրենց պատկերացումը, ըստ որի՝  ԼՂ-ն պետք է ունենա լայն  ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Իսկ դա նշանակում է  անհեռանկար լուծում»,-նշեց Մանոյանը: 

Նրա խոսքով՝ եթե անգամ Ադրբեջանը դրական շեշտադրումներով հայտարարություններ է անում խնդրի կարգավորման վերաբերյալ՝ ասելով, թե «բաժակը կիսով չափ լիքն է»,  դա հատուկ նպատակով է  արվում: Ադրբեջանն, այսպիսով, ըստ դաշնակցական գործչի, ցանկանում է դրական տրամադրվածություն ստեղծել իր նկատմամբ, քանի որ մտադրություն ունի ընտրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ: