Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը մտադիր է անդամակցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը: Այս մասին այսօր` հունիսի 14-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» նորաստեղծ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Արարատ Զուրաբյանը լքում է ՀՀՇ-ն, նա արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը: Իսկ թե Արարատ Զուրաբյանը «Ազատ դեմոկրատներ»-ում սովորական անդամ է լինելու, թե որեւէ պաշտոն է զբաղեցնելու, Անուշ Սեդրակյանը չնշեց: Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀՀՇ–ից հեռանալու դիմում է ներկայացրել նաեւ այդ կուսակցության անդամ Հրաչ Հակոբյանը` նշելով, որ նրա` իրենց կուսակցությանն անդամակցելու մասին որեւէ բան չի կարող առայժմ ասել։ Ինչ վերաբերում է ՀՀՇ անդամ, նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանի` «Ազատ դեմոկրատներ»-ին անդամակցությանը, ապա Անուշ Սեդրակյանը նշեց, որ նա իրենց հետ համատեղ մասնակցում է կուսակցության ձեւավորման գործընթացներին:

Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծել է ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը։ Այդ կուսակցություն էր օրերս այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։