Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն իր երկրի քաղաքացիներին հրամայել է վերջ տալ «կորոնավիրուսի հետ կապված նվնվոցին» եւ քննադատել է վիրուսի կանխմանն ուղղված միջոցառումները, փոխանցում է BBC-ն:
Նրա մեկնաբանություններն արվեցին Բրազիլիայում գրանցված COVID-19-ից մահվան դեպքերի թվի ռեկորդային աճի ֆոնին: «Հերիք է նվնվաք: Որքա՞ն եք շարունակելու լացել այդ մասին: Որքա՞ն եք դեռ նստելու տանը եւ փակելու ամեն ինչ: Ոչ ոք այլեւս չի կարող դրան դիմանալ: Եւ կրկին, մենք ցավում ենք մահերի համար, բայց մեզ լուծում է պետք»,- ասել է Բրազիլիայի նախագահը:
Բրազիլիայում ավելի քան 260.000 մարդ է մահացել կորոնավիրուսից:
Երկիրը շարունակում է երկրորդ տեղը զբաղեցնել աշխարհում ԱՄՆ-ից հետո համավարակից մահացածների թվով:
Հինգշաբթի եւս 1699 նոր մահվան դեպք էր գրանցվել, ինչը մի փոքր քիչ է, քան չորեքշաբթի օրը գրանցված 1910 ռեկորդային ցուցանիշից:
Կորոնավիրուսի դեպքերի բռնկումը բացատրում են վարակիչ շտամով, որը ենթադրաբար ծագել է Ամազոնի Մանաուս քաղաքում:
Նշվում է, որ Բոլսոնարոյի հայտարարությունը վրդովմունք է առաջացրել Սան Պաուլոյի նահանգապետ Ժոաու Դորիայի մոտ:
BBC-ի եթերում Դորիան Բրազիլիայի նախագահին «խենթ տղա» է անվանել «մարզպետների եւ քաղաքապետերի վրա հարձակումների համար, ովքեր ցանկանում են պատվաստանյութեր գնել եւ օգնել երկրին վերջ տալ այս համավարակին»:




























