Եթե ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հետ կապված իրավիճակը վերլուծեինք մինչ ղարաբաղյան պատերազմը, ապա ես կասեի, որ Սահմանադրական դատարանը կընդունի որոշում, որը ձեռնտու կլինի վարչապետ Փաշինյանին: Այս մասին այսօր Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
«Այսօր արդեն նման բան չեմ կարող ասել, քանի որ կոնֆլիկտը, որը կար դատական եւ գործադիր իշխանությունների միջեւ, հանգեցրեց ամենատարբեր տրամադրությունների ՍԴ-ում»,-նշել է նա:
Նրա խոսքով՝ իրավիճակը փոխվում է, եւ ՀՀ նախագահն էլ ավելի է իրական քաղաքական ֆիգուր դառնում եւ փորձում իր խաղը խաղալ, նա վերածվում է ինքնուրույն ֆիգուրի:
«Այդ ամենը երեկ չի սկսվել: Կարելի է հիշել 2020 թվականի նոյեմբերի իրավիճակը, երբ նախագահը հայտարարեց արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին: Եթե խոսենք Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին, ապա այստեղ, իհարկե, կա երկու կարեւոր պահ: Առաջին հերթին, դա ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետեւանքներն են: Դա մեծ ազգային տրավմա է, որը ցնցել է հայ հասարակությանը: Հարց է առաջանում՝ ի՞նչ է լինելու հետո: Կա մեծ գայթակղություն՝ ասելու, որ այդ ամենը վատ կառավարության պատճառով է: Սակայն ամեն դեպքում նոր կառավարությունը ստիպված կլինի լուծել տրանսպորտային հաղորդակցությունների, հարաբերություններ հարթելու հարցերը եւ այլն:
Երկրորդ հերթին, Հայաստանում ներքաղաքական խնդիրները նախկինում եւս կային՝ կապված, օրինակ, սահմանադրական բարեփոխումների հետ: Այդ ճգնաժամը չի կարելի կապել Ղարաբաղում իրավիճակի հետ: Դա համակարգային, ֆունկցիոնալ ճգնաժամ է: Ես կցանկանայի ուշադրություն դարձնել չորրորդ հանրապետության մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը: Կարելի է տարբեր կերպ վերաբերվել տեքստին, սակայն այնտեղ կա թեզ այն մասին, որ հայ հասարակությունը երկար ժամանակ կենտրոնացել է հաղթանակի վրա առաջին ղարաբաղյան պատերազմում եւ չի մտածել զարգացման ռազմավարության մասին: Այդ հարցերն այժմ պետք է լուծել»,-հավելել փորձագետը:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին ՀՀ նախագահը կրկին չի ստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Փետրվարի 25-ին ՀՀ ԶՈւ ԳՇ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության անհապաղ հրաժարականը՝ կապված «Իսկանդերների» հետ կապված նրա հայտարարության հետ:




























