Հայերին հիմա Իվան (Հովհաննես) Բաղրամյանի նման առաջնորդ է պետք: «Սվոբոդնայա պրեսա»-ն մեջբերում է «Հյուսիս-արեւմուտք» քաղաքական նորությունների գործակալության խմբագիր Անդրեյ Դմիտրիեւի խոսքը:

Նրա խոսքով՝ Հայաստանում իրադարձությունների զարգացումը բավական զարմանալի է:

«Նույնիսկ մի կողմ դնելով Նիկոլ Փաշինյանին ուղղված տարբեր մեղադրանքները (օրինակ՝ Արեւմուտքի հետ գործակցությունը եւ այլն), ակնհայտ է այն փաստը, որ նա խայտառակ կերպով պարտվել է պատերազմում եւ պետք է հեռանա: Կողքից նայելիս սա ակնհայտ է, սակայն հայ հասարակության զգալի հատվածի համար՝ ոչ՝ հաշվի առնելով հանրահավաքները: Հետաքրքիր է, էլ ի՞նչ պետք է նա անի, որ նրա կողմնակիցները դադարեն աջակցել նրան: Միգուցե թուրքական անձնագի՞ր ստանա:

Մյուս կողմից, ապշեցնող է Գլխավոր շտաբի պահվածքը: Գեներալները հայտարարեցին, որ Փաշինյանը պետք է հեռանա: Տրամաբանորեն դրան պետք է հաջորդեր նրա ձերբակալությունն ու ռազմական դրության սահմանումը: Սակայն նման բան տեղի չունեցավ: Սա հիշեցնում է Արտակարգ դրության պետական կոմիտեն, որի կազմում էր նաեւ տարեց մարշալ Դմիտրի Յազովը, սակայն սակայն նրանք վախեցան հրաման տալ Բորիս Ելցինին ձերբակալելու համար: Իսկ ինքը՝ Ելցինը, չերկմտեց ո՛չ 1991-ին, երբ ձերբակալեց մարշալ Յազովին, ո՛չ էլ 1993-ին, երբ նա տանկերից կրակեց խորհրդարան շենքի վրա: Եվ, ցավոք մեր երկրի համար, նա մնաց որպես հաղթող: Հայաստանում նույնպես, ցավոք, Փաշինյանը դեռ «հաղթող» է թվում: Կարծես պարտված պատերազմից հետո հայերը ստանում են նաեւ ձախողված հեղափոխություն…

Հավանաբար, ելքը ինչ-որ երրորդ ուժ է, քանի որ նախորդ իշխանությունը եւս իր պատասխանատվության իր բաժինն ունի պատերազմում պարտության մեջ: Հայերին հիմա Իվան (Հովհաննես) Բաղրամյանի նման առաջնորդ է պետք:

Նա հերոս եւ գաղափարապես իմաստուն մարդ էր: Փետրվարյան հեղափոխությունից եւ Հայաստանի անկախությունից հետո նա դաշնակցական էր, որը արիաբար պայքարում էր թուրքերի դեմ, ապա անցավ Կարմիր բանակի կողմը եւ հաստատեց խորհրդային իշխանություն Անդրկովկասում: Իշխանությունից սեփական «թուրքերին» վտարելն ու Ռուսաստանի հետ սերտ ինտեգրման պայմաններում նոր Հայաստանի կառուցումն այսօր Երեւանի համար ամենաարդիական օրակարգն է»,-ասել է Դմիտրիեւը:

Իր հերթին, News Front-ի վերլուծաբան, ռազմական փորձագետ Յուրի Սելվիանովը մեկնաբանել է զորքերի կիրառման հնարավոր տարբերակների եւ զինված ուժերի հետագա վերաձեւավորման քննարկման մասին ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունը.

«ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունը կազմվել է այնպիսի անորոշ արտահայտություններով, որ ինչ ասես կարելի է ենթադրել:  

««Զորքերի կիրառման հնարավոր տարբերակների քննարկում» արտահայտությունը նշանակում է, որ բանակը ցանկացած պահի պետք է օպերատիվ ծրագրեր իրականացնի ռազմական սպառնալիքի դեպքում: Դրանում ոչ մի տարօրինակ բան չկա:

Ղարաբաղյան պատերազմից հետո ՀՀ ԶՈւ-ն հայտնվել է զրոյական կետում, որից պետք է վերակազմավորման եւ վերաձեւավորման հետհաշվարկ արվի: Այնպես որ, հայկական ռազմական ղեկավարությունն ամեն դեպքում անսպառ աշխատանք ունի կատարելու:

Իհարկե նման հայտարարության մեջ ցանկությամբ դեպքում կարելի է տեսնել ինչ ասես՝ ընդհուպ մինչեւ ռազմական հեղաշրջման ծրագիր: Սակայն ԳՇ տեքստում նման բան չկա: Բանակը, իհարկե, կարող է առանց խնդրի հեռացնել Փաշինյանին: Սակայն ըստ իս՝ այդ ֆիգուրի ճակատագիրը կախված է ավելի լուրջ գործոններից, այդ թվում՝ աշխարհաքաղաքական բնույթի»:

Նա նաեւ պատասխանել է հարցին, թե արդյոք հնարավոր է ռազմական ռեւանշի փորձ Հայաստանում իշխանափոխության դեպքում. «Եթե նկատի ունեք ռեւանշ Ղարաբաղում, ապա դա քիչ հավանական է: Այդ հարցում Հայաստանին ոչ ոք չի աջակցի, այդ թվում Ռուսաստանը: ԼՂՀ հողերը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն են: Հետեւաբար, Ղարաբաղի համար ցանկացած հաջորդ պատերազմ կորակավորվի որպես հայկական ագրեսիա: Հայաստանը նման ճոխության համար ռեսուրսներ չունի:

Ղարաբաղի թեման ժամանակի ընթացքում դուրս կգա հայ հասարակության ուշադրության կենտրոնից, եւ երկիրը կզբաղվի իր սեփական զարգացման խնդիրներով»:

Այս թեմայով իր կարծիքն է հայտնել նաեւ քաղաքական եւ տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը.

«Ամենայն հավանականությամբ, հիմա շատ հայ քաղաքական գործիչներ կարծում են, որ հասարակության զգալի հատվածը վախենում է կոնֆլիկտի նոր բռնկումից:

Հիշենք, օրինակ, 2020 թվականի դեկտեմբերի 5-ին Վազգեն Մանուկյանի զգուշավոր հայտարարությունն այն մասին, որ «հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը դե ֆակտո գործում է», եւ «մենք չենք կարող հրաժարվել դրանից, քանի որ դա կնշանակի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսում:

Հայաստանի ղեկավարության հռետորաբանությունը եւ՛ Փաշինյանի օրոք, եւ՛ նրա հեռացումից հետո կարող է ավելի կոշտ դառնալ, սակայն մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, դա չի նշանակի պատրաստակամություն ռազմական ռեւանշին»:   

«ԼՂ շուրջ աշնանային էկսալացիայից հետո շոկի հաղթահարումից, ապա նաեւ տնտեսական ճգնաժամի եւ համաճարակաբանական վիճակի մեղմումից հետո ՀՀ քաղաքացիների՝ ավելի ակտիվ քաղաքականություն վարելու պահանջն աստիճանաբար կաճի: Սակայն դա տեղի չի ունենա մոտակա հեռանկարում: Ռուսաստանն էլ այժմ տրամադրված չէ նման սցենարի»,-հավելել է նա: