Լիբանանի անվտանգության ուժերի շարքերում դժգոհություն է հասունանում արժույթի փլուզման կապակցությամբ: Բանակի հրամանատար գեներալ Ջոզեֆ Աունն ասել է, որ իր նախազգուշացումներն այն մասին, որ զինվորների եկամտի եւ բարոյական ոգու վրա ճնշումը կարող է «պայթյունի» հանգեցնել, անտեսվել են, փոխանցում է Reuters-ը:

Լիբանանյան ֆունտը 2019-ի վերջից ընկել է 85 տոկոսով ֆինանսական ճգնաժամի պատճառով, որը կայունության ամենամեծ սպառնալիքն է դարձել 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր:

«Զինվորները, ինչպես եւ բնակչության մեծ մասը, սոված են»,- ասել է Ջոզեֆ Աունը` քննադատելով քաղաքական գործիչներին` առանց նրանց անուն տալու: «Բանակ ուզում են, թե՞ ոչ: Ուզում եք, որպեսզի բանակը ոտքի կանգնի, թե՞ ոչ… Նրանց համար մեկ է»:

Զինվորի կամ ոստիկանի ամսական բազային աշխատավարձը, որը նախկինում կազմում էր մոտ 800 դոլար էր, այժմ 120 դոլարից էլ պակաս է:
Որոշ պաշտոնյաներ նախազգուշացնում են, որ անվտանգության ուժերի համար դժվար կլինի զսպել անկարգությունները:

Բնակչության կեսից ավելին այժմ գտնվում է աղքատության եզրին, աշխատավարձերը կտրուկ ընկել են, գները բարձրանում են, իսկ փրկության ծրագիր չկա: Դա դեռ նրանից առաջ էր, երբ անցյալ շաբաթ արժույթի ռեկորդային նվազագույն մակարդակի հասավ ամիսներ տեւած քաղաքական կաթվածից հետո:

Զինվորականները, նրանց հրամանատարը եւ ներքին գործերի ժամանակավոր նախարարը հերքել են տեղական ԶԼՄ-ների վերջերս տարածած այն լուրերը, թե տնտեսական դժվարությունները շատերին դրդել են թողնել ծառայությունը:

Այնուամենայնիվ, երեք աղբյուր անվտանգության ծառայություններում Reuters-ին հայտարարել են, որ ավելի ցածր կոչման զինվորականների վրա ճնշումը մեծացրել է դասալքության հետ կապված մտավախությունները:

Անվտանգության ուժերի աշխատակիցներից մեկը, որը խնդրել է չհրապարակել իր անունը, ասել է, որ ցանկանում է հեռանալ երկրից, քանի որ դժվարանում է վճարել բնակարանի վարձավճարը: Նրա խոսքով` ինքը գիտի դասալքված եւս երեք այլ անձի, ինչը պատժվում է օրենքով, եւ մտահոգված հրամանատարները մերժում են ծառայությունից հեռացնելու իր խնդրանքը: «Եթե ոչինչ չստացվի, ես ստիպված կլինեմ փախնել»,- ասել է նա` հավելելով, որ նախկինում նա կարողանում էր գնել իր երեխաներին, ինչ նրանք ցանկանային, իսկ հիմա չի կարող իրեն թույլ տալ նույնիսկ սննդամթերք գնել:

Երկրորդ աղբյուրն անվտանգության ծառայություններում ասել է, որ դասալքությունը բանակից դեռ գտնվում են նախաճգնաժամային նորմալ մակարդակի շրջանակներում` չնայած նախատեսվում է ավելացնել օգնությունը` ցուցանիշների ավելացումից խուսափելու համար:

Լիբանանում անկարգությունների աճ է ակնկալվում: Ցուցարարները փակել էին գլխավոր ավտոճանապարհներն այն բանից հետո, երբ լիբանանյան ֆունտն իջավ նոր մակարդակի:

Ըստ անվտանգության համակարգում աղբյուրներից մեկի` տնտեսության փլուզումը կողոպուտների աճի է հանգեցրել, երբ ավելի շատ մարդիկ են փորձում սննսամթերք, մանկական սնունդ կամ դեղամիջոցներ գողանալ:

Ոստիկանության տվյալներով` 2020-ին սպանությունների թիվը 2019-ի համեմատ աճել է 91 տոկոսով: Կողոպուտների թիվն աճել է 57 տոկոսով, իսկ ավտոմեքենաների առեւանգումների թիվն ինը տարվա առավելագույնի է հասել: