Մեքսիկայի ստորին պալատը հավանություն է տվել կանեփի ռեկրեացիոն նպատակով օգտագործումը թույլատրելու օրինագծին: Հիմա պետք է քվեարկություն անցկացվի Սենատում: Երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի կուսակցությունը վստահ է, որ փաստաթուղթը հավանություն կստանա: Սա Մեքսիկան կդարձնի աշխարհում կանեփի ամենախոշոր կարգավորվող շուկաներից մեկը:
Մեքսիկան արյունահեղ պատերազմ է մղում հզոր թմրակարտելների դեմ, որի ընթացքում ամեն տարի զոհվում են հազարավոր մարդիկ:
Օրինագծով օգտագործողներին թույլատրվում է ունենալ մինչեւ 28 գրամ կանեփ եւ անձնական օգտագործման համար տնային պայմաններում աճեցնել բույսի մինչեւ 8 թուփ: Ներկայումս անօրինական է համարվում 5 գրամից ավելիի փոխադրումը: Օրենքը նաեւ թույլ կտա ստանալ կանեփի աճեցման, վերափոխման, հետազոտման եւ արտահանման կամ ներմուծման լիցենզիաներ, հայտնում է Reuters գործակալությունը:
Լոպես Օբրադորը պնդում է, որ օրենքը կարող է օգնել երկրի հզոր թմրակարտելների դեմ պայքարում:
Նրա «Մորենա» կուսակցության պատգամավորը AFP գործակալությանն ասել է, որ օրենքը կօգնի խաղաղության հասնելուն:
Եթե օրինագիծը հավանություն ստանա, Մեքսիկան Ուրուգվայից եւ Կանադայից հետո կդառնա աշխարհում երրորդ երկիրը, որն ամբողջ երկրում կանեփն օրինականացրել է ռեկրեացիոն օգտագործման համար:
Հաղորդվում է, որ Կանադայից եւ Կալիֆոռնիայից կանեփի աճեցման մի շարք օտարերկրյա ընկերություններ հետաքրքրված են օրենսդրությամբ տրամադրվող շուկայական հնարավորությունների օգտագործմամբ:





























