ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն, ով նախօրեին ժամանել է Վրաստան, այսօր` հունիսի 15-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր «Ժողովրդական ժողովի» լիդեր Նինո Բուրջանաձեի հետ: Վերջինիս խոսքով, բանակցությունների հիմնական թեման մայիսի 26-ին Թբիլիսիում ընդդիմության բողքի ակցիան ցրելն է եղել, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Բուրջանաձեն հայտարարել է միջազգային հետաքննչական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, որն «օբյեկտիվորեն կուսումնասիրի եւ կհետաքննի մայիսի 26-ի դեպքերը»: Դրա հետ կապված, նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ-ն հետաքրքրություն կցուցաբերի մայիսյան դեպքերի առնչությամբ:
«Ես շատ ուրախ եմ, որ կայացել է նման հանդիպում»,- նշել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 26-ին հատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցրել էին Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրևջանաձեի գլխավորած ընդդիմադիր «Ժողովրդական ժողովի» ակցիան։ Կիրառվել էին արցունքաբեր գազ, ջրաշիթեր, ռետինե փամփուշտներ եւ մահակներ։ Վրաստանի ՆԳՆ տվյալներով, զոհվել էր երկու մարդ:




























