ԼՂ խնդրի կարգավորման հանգուցալուծային տարբերակ, Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի ունենալիք հանդիպման ժամանակ չի քննարկվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 15-ին հայտարարեց  «Սասուն» ջոկատի հրամանատար, վերջերս համաներմամբ ազատ արձակված Սասուն Միքայելյանը: Նա նշեց, որ կողմերը գուցե կարող են  ինչ-որ պայմանավորվածության գալ, սակայն կոնկրետ փաստաթուղթ չի ստորագրվի:

Նախկին ազատամարտիկը դեմ է կարգավորման փոխզիջումային տարբերակին՝ հող տալուն:  «Ես կողմ եմ «ոչ մի թիզ հող»-ին, ինչպես ամեն մի ազատամարտիկ: Եթե հողերը հանձնեն, ԼՂ-ին կարգավիճակ չեն տալու: Այդ պատճառով էլ դեմ եմ փոխզիջման գնալուն, ի վերջո յոթ հազար տղա գլուխ են դրել զոհասեղանին: Նրանք Մուշից, Ալաշկերտից էին խոսում, ուր մնաց թե Ղարաբաղի հողերը տալուն կողմ լինեին»,-հայտարարեց Միքայելյանը՝ նշելով,  որ ազատագրված տարածքները հանձնելով՝ ԼՂ-ն կհայտնվի Նախիջեւանի կարգավիճակում:

Ըստ նախկին քաղբանտարկյալի,  եթե Հայաստանն ուզում է հնարավոր պատերազմից խուսափել, ապա պետք է երկրի ներքին խնդիրները լուծի: Բայցեւայնպես, Սասուն Միքայելյանը պատերազմը տարբերակներից մեկն է  համարում՝ եթե ԼՂ խնդրի կարգավորման հարցում այլ ելք չկա:

Նա թերահավատորեն է վերաբերում Ադրբեջանի կողմից հնչող հոխորտանքներին եւ ռազմատենչ հայտարարություններին եւ կարծում է, որ պատերազմում հաղթելու համար միայն մեծ թվով  զենք-զինամթերք ունենալը բավարար պայման չէ: «Արցախյան պատերազմում Ադրբեջանը զենք-զինամթերքի առումով գերազանցում էր Հայաստանին, սակայն չկարողացավ հաղթանակ տանել»,-ասաց ազատամարտիկը: