Հայ ազգային կոնգրեսի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջն ուղղակի անմտություն է։ Հունիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հանրապետական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ ավելացնելով, որ մանավանդ արտահերթ խորհրդարանական ընտրություններ օրենքով սահմանված կարգով հնարավոր են միայն խորհրդարանի անգործության մատնվելու, ուրիշ ոչ մի պարագայում:
«Բացի այդ, ինձ համար աբսուրդ եւ անհասկանալի, թե երկխոսելու համար ինչո՞ւ պետք է պատվիրակություներ կազմվեն։ Ի՞նչ է, հնարավոր չէ՞ երկրում առկա խնդիրների շուրջ երկխոսել առանց պատվիրակությունների»,- հարց հնչեցրեց նա՝ միաժամանակ հավելելով, որ պատվիրակություններով միմյանց հետ բանակցում են թշնամիները, մինչդեռ ՀԱԿ-ը ոչ թե Հանրապետական կուսակցության թշնամին է, այլ` ընդամենը քաղաքական ընդդիմախոսը։
«ՀՀԿ-ն քաղաքական, տնտեսական եւ այլ հարցերի լուծման շուրջ ունի սեփական մոտեցումները, եւ եթե կա քաղաքական մեկ այլ ուժ, որը ցանկանում է լուծման այլ տարբերակներ առաջադրել նմանօրինակ խնդիրներին, մենք դեմ չենք»,- ասաց Վարդան Այվազյանը։
Ասուլիսին ներկա «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը եւս իշխանություն-ընդդիմություն երկխոսության համար ՀԱԿ-ի կողմից հատուկ պատվիրակության ձեւավորումը, այդ նպատակով հատուկ խորհրդի նիստ հրավիրելը որակեց որպես թատերականացված ներկայացում։
Նշենք, ՀԱԿ-ը իշխանությունների հետ բանակցելու պատրաստ 5 հոգանոց պատվիրակություն է ձեւավորել, մինչդեռ իշխանությունը նմանօրինակ քայլի գնալու եւ առավել եւս արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու պատասխան քայլեր մինչ այժմ չի ձեռնարկել։




























