Գերմանիայում քաղաքական դրդապատճառներով կատարված հանցագործությունների թիվը 2020-ին հասել է առավելագույնի՝ 2001-ից այս ոլորտում վիճակագրության սկզբից ի վեր: Այս մասին են վկայում գերմանական կառավարության կողմից շաբաթ օրը՝ մարտի 13-ին հրապարակված տվյալները, որոնք նրանք ներկայացրել են Բունդեսթագում «կանաչների» կուսակցության հայցին ի պատասխան, հաղորդում է DW-ն:

Ըստ այդ փաստաթղթի՝ 2020 թվականին ԳԴՀ ոստիկանությունը գրանցել է քաղաքական դրդապատճառներով 44 034 հանցագործություններ, որոնցից 3354-ը բռնի բնույթ են ունեցել: Սա 2500 հանցագործությամբ ավելի է, քան այս ոլորտում նախկին հակառեկորդը, որը սահմանվել էր 2016-ին՝ Գերմանիա փախստականների զանգվածային հոսքի պատճառով ճգնաժամի մեկնարկից մեկ տարի անց:

Միեւնույն ժամանակ ԳԴՀ ՆԳ նախարարությունը նշում է, որ 2020 թվականին քաղաքական դրդապատճառներով հանցագործությունների քանակի վերաբերյալ տվյալները դեռ կարող են ճշգրտվել դեպի մեծացում՝ հաշվի առնելով վերջին տվյալների մշակումը: ՆԳՆ տվյալներով՝ քաղաքական դրդապատճառներով կատարված հանցագործությունների մեծ մասը՝ շուրջ 23400-ը, կատարվել են աջ արմատականների կողմից: Ենթադրվում է, որ 11000 հանցագործությունների հետեւում կանգնած են ձախ արմատական գաղափարների կողմնակիցները: Ավելի քան 630 հանցագործություն կատարվել է ազգամիջյան թշնամանքի կամ կրոնական ատելության դրդապատճառներով:

Հակասեմական հանցագործությունների թիվը նույնպես 2020 թվականին Գերմանիայում հասել է առավելագույնի՝ 2322-ի: Դրանց ճնշող մեծամասնությունը (2204) կատարել են աջ ծայրահեղական հայացքների կողմնակիցները, ասել են ՆԳՆ-ում: 56 դեպքերում հակասեմական հանցագործությունները բռնի են եղել, 51 դեպքում դրանք կապված են եղել մարմնական վնասվածք հասցնելու հետ: