Հայ-թուրքական հարաբերություններում դրական առաջընթաց չի նկատվում` Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների ավարտման եւ Էրդողանի կուսակցության հաղթանակի ֆոնին: Այդ մասին հունիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ես որեւէ նախադրյալ չեմ տեսնում, որ Էրդողանի «Ազատություն եւ զարգացում» կուսակցությունը փոխեր իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Երբ Էրդողանն ընտրություններից հետո դիմեց իր կուսակիցներին, նշեց, որ դա ոչ միայն իր, այլեւ իրենց եղբայրների, այդ թվում` Բաքվի հաղթանակն է: Ուստի կարելի է համոզմունք հայտնել, որ Թուրքիան չի փոխի իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ»,- ասել է Սաֆրաստյանը:

Թուրքագետը կարծիք է հայտնել, որ քանի դեռ առաջընթաց չի գրանցվել ղարաբաղյան հարցում, հայ-թուրքական սահմանը չի բացվի եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվի:

Նշենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, սակայն առ այսօր չեն վավերացվել: Հայաստանը սառեցրել է վավերացման գործընթացը: