Ես ոստիկաններին ասացի, որ ծնուցված չեմ եղել եւ իրեն ապօրինի են հեռացրել դպրոցից: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Աբովյանի թիվ 1 դպրոցի ուսուցիչ Հայկ Փայտյանը:

Հիշեցնենք, որ արդեն մոտ մեկ ամիս է՝ Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում ամեն օր դասադուլ և գործադուլ է՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով: Երեկ՝ մարտի 10-ին դպրոցում գործադուլ անող պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանին Ոստիկանությունը ձերբակալել էր, տարել ոստիկանական բաժանմունք և նույն օրը բաց թողել: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Փայտյանի փաստաբանը, ուսուցչի ձերբակալման պատճառն այն է, որ ինքն ազատված է աշխատանքից, սակայն շարունակում է գնալ դպրոց: Դրա հետ կապված՝ վարչաիրավական խախտման վերաբերյալ արձանագրություն էր կազմվել:

«Ես ասացիմ  որ ուսուցիչը համարվում է հեռացված, երբ նա պատշաճ ձևով ծանուցվում է դրա մասին: Իսկ ես ծանուցված չեմ հետևաբար, սա իմ աշխատանքի վայրն է:  Տնօրենն ասում է՝ դիմեք դատարան, ես էլ ասում եմ՝ դատարան գնալու համար թուղթ պիտի ունենամ, գնամ դատարան ի՞նչ ասեմ»,- ասաց նա:

Ուսուցիչը նշեց, որ իրեն նորանշանակ տնօրենը հեռացրել է գործադուլներ կազմակերպելու հետ կապված: Փայտյանը հիշեցրեց նաև օրեր առաջ տնօրենի՝ իրեն տված նկատողության մասին, որը նույնպես գրավոր չի ծանուցվել, և ինքը մի քանի օր հետո իմացել է, որ նաև ազատված է աշխատանքից:

«Հեռացման թուղթը ինձ ոչ էլ առձեռն է փոխանցել: Դատարանը դեռևս նորանշանակ տնօրենի հայցով դասադուլի իրավաչափ կամ ոչ իրավաչափ լինելու հարցն է քննարկում: Այն ժամանակ, երբ դատարանը դեռ որոշում չի կայացրել, ինքը ինձ հեռացնում է մի բանի համար, որը հնարավոր է օրինական լինի:  Այսօր իմացա , որ գործից հեռացրել են նաև դպրոցի պահակին: Ու նրան հեռացնելու պատճառն այն է, որ նա թողնում է ինձ մտնել դպրոց»,- ասաց ուսուցիչը:

Փայտյանը նշեց, որ թեև մեկ ամիս է՝ դասպրոցեսը խաթարված է, սակայն նախարարությունից մինչև օրս պատասխան չկա:

«Ձեզ ասեմ ավելին՝  ծնողները ասում են, որ զանգում են նախարարություն և  նախարարությունից ասում են գնացեք ձեր ուսուցիչներին ստիպեք: Հավաքել են 10-15 ծնողներ և փորձում են բերել մեր դեմ: Դուք տեսել եք իմ լայվերում նորանշանակ տնօրենը երեխաներին, ծնողներին հորդորում էր՝ գնացեք ձեր ծնողներին բերեք և ձեր ուսուցիչներին ստիպեք: Նորանշանակ տնօրենը մի քանի աշակերտի նստեցնում է դասարանում, ասում է՝ ձեր ուսուցիչենրին ի՞նչ կասեք, ձեր ուսուցիչները արարքը անբարո է չէ՞: Այդ բարոյահոգեբանական միջավայրում հնարավո՞ր է դասապրոցես իրականացնել»,- ընգծեց նա:

Փայտյանը հավելեց, որ ուսուցիչները պատրաստվում են նաև ասուլիս կազմակերպել, որի մասին առաջիկայում կտեղեկացնեն:

NEWS.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակի հետ: Նա ասաց, որ նախարարությունը մշտապես կապի մեջ է և՛ ուսուցիչների, և՛ տնօրինության հետ, և նրանց հետ հանդիպումների ընթացքում փորձում են լուծումներ գտնել դասապրոցեսը վերականգնելու համար: Նա չնշեց, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկում, այնուամենայնիվ ասաց՝ չի բացառում , որ առաջիկայում կլուծվի խնդիրը:

«Նախ անթույլատրելի է խախտել աշակերտների կրթության իրավունքը: Այնպես չէ, որ նախարարությունը կողքից  հետևողի դերում է: Ասեմ Ձեզ, նաև արդեն ծնողներն են դժգոհում ուսուցիչներից դասապրոցեսը խաթարելու և երեխաների ուսման իրավունքը խախտելու համար»,- ասաց խոսնակը:

Հիշեցնենք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ եւ գործադուլ են անում փետրվարի 3-ից՝ բողոքելով նոր տնօրենի՝ Քարմիլե Առաքելյանի նշանակման դեմ: Դպրոցի աշխատակիցների խոսքով՝  նորանշանակ տնօրենը շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։ Նշենք, որ  Քարմիլե Առաքելյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։