Խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան կփորձի նեոօսմանիզմի իր քաղաքականությունը տարածել Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սիրիայում։ Հունիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ ավելացնելով, որ Թուրքիան աստիճանաբար սկսում է առավել ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել։

Թուրքագետի խոսքով, ընտրություններից հետո թուրքական իշխանությունները հայտարարել են Սիրիայում իրենց գործողությունների ակտիվացման համար։ «Չի բացառվում, որ Թուրքիան կփորձի իր խաղը խաղալ Սիրիայում։ Թուրքիան արդեն փախստականների է ընդունել Սիրիայից եւ սահմանին ավելացրել զինվորականների թիվը»,- ասաց Սաֆրաստյանը՝ նշելով, որ Թուրքիան կդառնա տաածաշրջանի անկանխատեսելի, բայց ուժեղ խաղացողը։

Փորձագետը նաեւ տեսակետ հայտնեց, որ Կովկասի մասով Թուրքիայի արտաքին դիվանագիտության մեջ ակտիվություն չի դրսեւորի՝ պայմանավորված Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում առկա իրավիճակով։ «Թուրքիան այդքան պոտենցիալ չունի, որ միաժամանակ արտաքին քաղաքականություն  վարի եւ Մերձավոր Արեւելքում, եւ Կովկասում»։ Սակայն, թուրքագետի խոսքով, դա չի նշանակում, որ Թուրքիան չի շարունակելու ղարաբաղյան բանակցային գործընթացում միջնորդի դեր ստանձնելու իր ձգտումը։