Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին մահացել է 61 տարեկան հասակում, հայտնում է Bloomberg-ը` հղում անելով երկրի փոխնախագահ Սամիա Սուլուհու Հասանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ տանզանիացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Թունդու Լիսուն ասել էր, որ նախագահին, ով, ըստ նրա, Քենիայում բուժվում էր կորոնավիրուսից, տեղափոխել են Հնդկաստան: Financial Times թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Մագուֆուլին լուրջ հիվանդ է: Քենիական Nation հրատարակչությունը, վկայակոչելով իր աղբյուրը, գրել է, որ «աֆրիկյան երկրներից մեկի առաջնորդը, որը մոտ երկու շաբաթ հանրության առջեւ չի երեւացել, COVID-19-ով հոսպիտալացվել է Նայրոբիի հիվանդանոց»: Հրապարակման համաձայն՝ նա միացված է եղել թոքերի օդափոխման սարքին:

Տանզանիայի վարչապետը, իրավական հարցերի նախարարը եւ Նամիբիայում Տանզանիայի դեսպանը հերքել էին տեղեկություններն այն մասին, որ նախագահը հիվանդ է կորոնավիրուսով:

Նախկինում Մագուֆուլին հայտարարել էր երկրում կորոնավիրուսի բացակայության մասին: Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Տանզանիան չի պատրաստվում COVID-19-ի դեմ պատվաստանյութեր գնել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Տանզանիան 2020-ի մայիսի սկզբից չի հաղորդել կորոնավիրուսով հիվանդացության եւ մահացության վիճակագրությունը: Ընդհանուր առմամբ, ըստ ԱՀԿ-ի, երկրում հայտնաբերվել է COVID-19-ով 509 դեպք, գրանցվել է 21 մահ: