«Հայաստանի դիրքորոշումը վերջին 20 տարում մնում է անփոփոխ. Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների»,- այս մասին BBC-ի ռուսական ծառայությունը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե կփոխվի՞ արդյոք Թուրքիայի քաղաքականությունը Երեւանի նկատմամբ` այդ երկրում հունիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո:
«Այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել թուրքական կողմի հետ, ելնում են հենց իրավիճակը հասկանալու այդ սկզբունքային դիրքերից: Մենք ուրախ կլինենք, եթե մեր թուրք գործընկերները նույնպես գան այն եզրակացության, որ XXI դարում փակ սահմաններ ունենալը նոնսենս է»,- ասել է Սարգսյանը:
Նա հույս է հայտնել, որ Թուրքիան կշարունակի գործել 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների շրջանակներում, ըստ որոնց երկու երկրների միջեւ պետք է վերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները եւ բացվի սահմանը:
Հարցազրույցի ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կարելի է դիտել ԱՅՍՏԵՂ:
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք այնուհետ պետք է վավերացվեին երկրների խորհրդարաններում, սակայն թուրքական կողմի ապակառուցողական մոտեցման եւ եւ առաջ քաշված նախապայմանների պատճառով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը:




























