Արտահերթ ընտրությունների մասին Հայ ազգային կոնգրեսի պահանջն անիրատեսական է, այնպես որ այդ թեմայի շուրջ յուրաքանչյուր քննարկում ուղղակի անիմաստ է։ Հունիսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։
«Անիմաստ էր նաեւ ընդդիմության կողմից բանակցությունների նպատակով պատվիրակություն կազմելը։ Անիմաստ է այնքանով, որ առկա խնդիրների մասին հնարավոր է խոսել, քննարկումներ կազմեկերպել նաեւ առանց պատվիրակությունների։ Իսկ եթե ՀԱԿ-ն անձամբ հանրապետության ղեկավարի արձագանքին է սպասում, ապա միայն կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը կպատասխանի, երբ նպատակահարմար կգտնի, նա ինքը կորոշի պատասխանել, թե` ոչ, դա նրա իրավասությունների սահմանում է»,-ասաց պատգամավորը՝ միաժամանակ ավելացնելով, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը կա եւ շարունակվում է՝ ի դեմս քաղաքական մի շարք գործընթացների։
Մկրտիչ Մինասյանի խոսքով, արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը ՀԱԿ-ի քմահաճույքն ու կամակորությունն է, «չլինելու բան», քանի որ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու ոչ քաղաքական, ոչ սոցիալական հիմքեր չկան։
Նշենք, ՀԱԿ-ը իշխանությունների հետ բանակցելու պատրաստ 5 հոգանոց պատվիրակություն է ձեւավորել, մինչդեռ իշխանությունը նմանօրինակ քայլի գնալու եւ առավել եւս արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու պատասխան քայլեր մինչ այժմ չի ձեռնարկել։




























