Բանգլադեշում դատարանը մահապատժի է դատապարտել արգելված արմատական իսլամիստական խմբավորման 14 անդամների՝ վարչապետ Շեյխ Հասինայի սպանության նպատակով դավադրության մասին գործով, հայտնում է AP-ն:
Դատախազները հայտարարել են, որ ամբաստանյալները պատկանում են արգելված «Հարկատ-ուլ-Ջիհադ-ալ-Իսլամի» կամ «Հուջի» խմբավորումներին: 2000-ին 76 կիլոգրամանոց ռումբ էր հայտնաբերվել Գոպալգանջի կենտրոնական շրջանում քաղաքական հանրահավաքի վայրում, որտեղ Հասինան պետք է դիմեր իր կողմնակիցներին:
Հատուկ տրիբունալի դատավոր Աբու Զաֆար Մուհամմեդ Կամրուզզամանը դատավճիռը կայացրել է ինը մեղադրյալների ներկայությամբ: Մնացածները դեռ հետախուզման մեջ են:
Իշխանությունները հայտնում են, որ «Հարկատ-ուլ-Ջիհադ-ալ-Իսլամի»-ն ձգտում է իսլամական խիստ օրենքներ հաստատել Բանգլադեշում:
Ֆունդամենտալիստների խումբը 1990-ականների սկզբից հիմնականում ակտիվ է Բանգլադեշում, Հնդկաստանում եւ Պակիստանում: Այն 1992-ին հիմնադրվել է Բանգլադեշում` աֆղանական պատերազմի բանգլադեշցի մի խումբ վետերանների կողմից, ովքեր կռվել են Խորհրդային Միության դեմ:
Բանգլադեշի իշխանությունները 2005-ին արգելել էին «Հարկատ-ուլ-Ջիհադ-ալ-Իսլամի»-ն: Խումբը ստանձնել էր 2001 թվականի ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով Դակկա քաղաքի կենտրոնական այգում բենգալական Ամանորի տոնակատարությունների ժամանակ 10 մարդ էր մահացել եւ տասնյակ մարդիկ վիրավորվել էին:





























