Իրաքը պաշտոնական հայց է ներկայացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ երկկողմ հարաբերությունների ռազմավարական բանակցությունները վերսկսելու եւ ԱՄՆ-ի մնացած զորքերը դուրս բերելու օրվա հետ կապված, հաղորդում է АР-ը՝ հղում անելով իրաքցի պաշտոնյաներին:
Բանակցությունները, որոնք սկսվել են հունիսին՝ Թրամփի վարչակազմի օրոք, առաջինը կլինեն Բայդենի օրոք: Քննարկումները նախատեսված են ամերիկա-իրաքյան հարաբերությունների ապագան կերտելու համար: Երկու երկրների հարաբերությունները սրվել են հատկապես իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի եւ իրաքյան գրոհայինների ղեկավար Աբու Մահդի ալ-Մուհանդիսի սպանությունից հետո, որը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարին՝ Թրամփի հրամանով: Հարաբերությունները բարելավվել են այն բանից հետո, երբ մայիսին վարչապետ Մուստաֆա ալ-Քադհիմին ստանձնեց Իրաքի կառավարության ղեկավարումը: Բայց որոշ կուսակցություններ, մասնավորապես՝ «Ֆաթհ» խորհրդարանական խմբակցությունը, շարունակում են ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու կոչեր անել:
Առայժմ տեղի է ունեցել ռազմավարական բանակցությունների երկու նիստ՝ հունիսին եւ օգոստոսին: Բանակցությունների օրակարգը ներառում է երկրում ԱՄՆ զորքերի ներկայության, պետական իշխանությունից դուրս գործող գրոհայինների խմբերի եւ Իրաքի տնտեսական ծանր ճգնաժամի հարցերը:
Կառավարական պաշտոնյաների խոսքով՝ հուշագիրը այս ամսվա սկզբին փոխանցվել է Իրաքում ԱՄՆ դեսպան Մեթյու Թյուլլերին։ Իրաքցիները հույս ունեն քննարկումն ապրիլին անցկացնել:
Իրաքի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ սատարում են Իրաքից ամերիկյան զորքերի պլանավորված դուրսբերմանը, սակայն դեռ հարցեր կան «Իսլամական պետություն» խմբավորման կողմից սպառնալիքների ժամկետների եւ չափի վերաբերյալ: Պենտագոնի տվյալներով՝ վերջին ամիսներին Իրաքում ամերիկյան զինծառայողների թիվը նվազել է՝ հասնելով շուրջ 2500-ի:





























