Հաջորդ շաբաթ Ֆրանսիան կվերաբացի իր դեսպանատունը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում՝ որպես սատարում երկրի ժամանակավոր կառավարությանը, ասել է նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում Լիբիայի նախագահական խորհրդի նախագահ Մուհամմադ ալ-Մենֆիի եւ փոխնախագահ Մուսա ալ-Կունիի հետ հանդիպումից հետո, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան «պարտք է Լիբիային եւ լիբիացիներին»: «Տարածաշրջանում խաղաղություն չի լինի, եթե մենք չկարողանանք հասնել խաղաղության եւ կայունության Լիբիայում, եթե մեզ չհաջողվի վերացնել ահաբեկչական խմբավորումներին եւ բոլոր տեսակի մաքսանենգներին»,- ասել է Մակրոնը: Նա հավելել է, որ առաջնահերթությունը պետք է տրվի հրադադարի ռեժիմի պահպանմանը, երկիրը դեպի դեկտեմբերին նախատեսված ընտրություններ տանելը եւ լիբիական զինված ուժերին միավորելուն՝ անցումային շրջանին աջակցելու համար:
Մենֆին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային՝ Լիբիայում պատերազմի խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում աջակցության համար:
Տրիպոլիում Ֆրանսիայի դեսպանատունը երկուշաբթի կբացվի:





























