ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԵՄ վիրտուալ գագաթնաժողովին մասնակցելիս ներկայացրել է անդրատլանտյան համագործակցության իր տեսլականը եւ հատուկ անդրադարձել Թուրքիայի հետ Արեւմուտքի փոխհարաբերությունների թեմային: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք քննարկեցինք անդրատլանտյան համագործակցության հարցը: Ջո Բայդենը ներկայացրեց իր տեսլականը»,- հայտնել է նա: Մերկելի խոսքով՝ ԵՄ ներկայացուցիչներն իրենց հերթին հասկացրել են, թե «որոնք են եվրոպական շահերը»:
«Կան բազմաթիվ ընդհանուր շահեր՝ լինի դա կլիմայի պաշտպանության հարցերում համագործակցությունը, առեւտրային տարաձայնությունների դադարեցումը, թե Չինաստանի, Ռուսաստանի, բայց նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունները»,- կարծում է կանցլերը: «Դրան [Թուրքիայի հետ հարաբերություններին] Ջո Բայդենը հատուկ անդրադարձավ»,- հայտնել է Մերկելը:
Մերկելը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը կկարողանա մասնակցել առաջիկա ամռանը կայանալիք ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: «Սա այսօր առաջին ծանոթությունն էր, բայց այն անչափ կարեւոր է եւ նշանակում է, որ մենք վերստին ավելի սերտ շփում ենք պահպանում»,- կարծում է նա:
Միաժամանակ անդրադառնալով, մասնավորապես, Չինաստանի նկատմամբ վարվող քաղաքականությանը՝ Մերկելը շեշտել է, որ չնայած ԱՄՆ-ի հետ միասին Եվրամիությունն ունի «արժեքների մեկ հիմք», ԵՄ-ն ունի նաեւ իր շահերը: «Մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչպես համատեղենք արժեքներն ու շահերը»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ հանդես գալով «Չինաստանի նկատմամբ եվրոպական քաղաքականության» մշակման օգտին:





























