Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի եւ Կանադայի անհատների ու կազմակերպությունների նկատմամբ՝ ի պատասխան այս երկրների կողմից Սինցզյանի հետ կապված միակողմանի պատժամիջոցների, հայտնում է ՉԺՀ ԱԳՆ-ը:

ԵՄ արտգործնախարարները երկուշաբթի պայմանավորվել են Չինաստանի չորս քաղաքացիների եւ մեկ կազմակերպության պատժամիջոցների ցուցակում ընդգրկել՝ «Սինցզյանում ույղուր մահմեդական փոքրամասնության» հետապնդման հետ կապված մարդու իրավունքների ոտնահարման մեղադրանքով: Ավելի ուշ Չինաստանի հանդեպ պատժամիջոցների մասին հայտարարել են նաեւ ԱՄՆ-ը, Կանադան եւ Մեծ Բրիտանիան: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ի պատասխան արդեն պատժամիջոցներ է սահմանել ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ԱՄՆ-ը եւ Կանադան մարտի 22-ին միակողմանի պատժամիջոցներ կիրառեցին Սինցզյան քաղաքում համապատասխան անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ՝ հիմնվելով լուրերի ու ապատեղեկատվության վրա, ի պատասխան՝ չինական կողմը որոշում ընդունեց պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) ղեկավարի Գեյլ Մենչինի, փոխնախագահ Թոնի Պերկինսի, կանադական խորհրդարանի անդամ Մայքլ Չոնգի նկատմամբ»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: