Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել Սեւ ծովի վրա՝ Խերսոնի շրջանի ափամերձ հատվածում, որտեղ նրանք գործնականում թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) են կիրառել: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության «Արմիաինֆորմ» լրատվական գործակալությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Bayraktar TB2 անօդաչու հարվածային թռչող սարքերը թռիչքներ են իրականացրել Ուկրաինայի մայրցամաքային հատվածից դեպի Սեւ ծովում գտնվող Տենդրովսկայա թեքվածք կղզի: Դրոնները մանեւրելու տարբեր ուսումնական խնդիրներ են մշակել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երթուղով քարտեզի վրա, որը ներկայացված է հաղորդագրության մեջ, ցույց է տրված, որ սարքերի թռիչքն ու վայրէջքը տեղի են ունեցել Նիկոլաեւի օդանավակայանում:

Ուկրաինական բազմաֆունկցիոնալ ռազմածովային զորավարժարանը տեղակայված է Տենդրովսկայա թեքվածքում: Այնտեղ զինծառայողները, մասնավորապես, ծովային դեսանտի վայրէջք են կատարում չսարքավորված ափին, իսկ նավակային մարտավարական խմբերը հրետանային կրակ են արձակում ափի թիրախների ուղղությամբ:

Հունվարի վերջին ուկրաինական ռազմական տեղեկատվական Defence Express պորտալը հաղորդել էր, որ ուկրաինական ռազմածովային ուժերը քննարկում են Bayraktar անօդաչու թռչող սարքեր օգտագործելու հնարավորությունը՝ վերջրյա թիրախներ որոնելու եւ «Նեպտուն» առափնյա հրթիռային համակարգին թիրախային նշանակումներ տալու համար: