Եվրասիական տնտեսական ինտեգրման մինչեւ 2025 թվականը ռազմավարական ուղղությունների մի մասը կապված է ԵՏՄ-ի արդյունավետության զարգացման հետ: Այս մասին այսօր Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոէկոնոմիկայի նախարար, ՌԴ նախագահի նախկին խորհրդական Սերգեյ Գլազեւը:

Նրա խոսքով՝ այս շաբաթ հավանություն է տրվել ռազմավարական ուղղությունների իրականացման ծրագրին, որտեղ նշված են կոնկրետ ժամկետներ, կատարողներ, մանրամասներ, մեխանիզմներ:

«Արդեն սկսվել են ռազմավարության իրականացման հարցով աշխատանքները: Առաջին ուղղությունը մեզ համար ավանդական է, այն առաջնահերթ է. բարիերների վերացում եւ ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ շարժի համար բարիերների մաքսիմալ կրճատում միասնական տնտեսական տարածքում:

Բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, եւ դեռ քանի դեռ չկա պետությունների միասնական դիրքորոշում, մեզ համար դժվար է առաջ շարժվել»,-ասաց նա:

Նա կարեւորեց միությունում ռեյտինգային գործակալության ստեղծումը:

Գլազեւը հավելեց, որ երեքշաբթի հավանություն է տրվել գիտական աստիճանների փոխադարձ ճանաչմանը եւ ԵՏՄ-ում խոչընդոտների վերացմանը:

«Դա աշխատաշուկայում առաջին խոչընդոտներից մեկն է: Բացի այդ, աշխատանքներ են տարվում եվրասիական տարածքում բորսային ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ Ասիայում նավթամթերքի գլխավոր սպառողների՝ Չինաստանի եւ Հնդկաստանի մասնակցությամբ»,-նշեց Գլազեւը:

«Քանի դեռ մենք չենք ստեղծել մեր ռեյտինգային գործակալությունը, մենք կլինենք մանիպուլյացիաների օբյեկտ ԱՄՆ-ի համար։ Սա շատ կարեւոր հարց է, մենք կորցնում ենք մեծ գումարներ»,-հավելեց Գլազեւը: