StopErdoganNow կոչվող իրավապաշտպան խմբերի դաշինքը բաց նամակ է հղել ԵՄ գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելին, որը ստորագրել են եվրախորհրդարանականները եւ գործընկեր իրավապաշտպան ու հասարակական կազմակերպությունները՝ պահանջելով, որ նա ճնշում գործադրի Եվրոպական խորհրդի վրա Թուրքիայի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանելու համար, հայտնում է Parliamet Magazine-ը:

«Մենք պետք է մեր եվրոպական արժեքները վեր դասենք ցանկացած ազգային շահերից: Մենք պետք է որոշենք՝ առաջ ենք մղում արժեքնե՞րը, թե՞ բիզնեսը»,- հայտարարել է եվրախորհրդարանական Լուկաս Ֆուրլասը: Նրա հետ համաձայն է Միջերկրական ծովի հարցերով խորհրդարանական քաղաքական կոմիտեի նախագահ Կոստաս Մավրիդեսը. «Մենք նախընտրում ենք չլռել Էրդողանի կողմից կատարվող հանցագործությունների մասին: Մենք չպետք է հետեւենք 1930-ական թվականների վերջին նացիստական Գերմանիայի նկատմամբ խաղաղարարության չհաջողված քաղաքականությանը, որի դիմաց մարդկությունը թանկ գին վճարեց»:

Անցյալ շաբաթ ԵՄ գագաթնաժողովից առաջ Էրդողանը կարճ հանդիպում էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ ՄԻշելի եւ Եվրահանձնաժողովին ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, որից հետո ԵՄ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր. «ԵՄ-ն շեշտել է շարունակվող կիպրոսյան խնդրի կայուն ապաէսկալացիայի եւ վստահության ամրապնդման հետագա գործողությունների կարեւորությունը, որ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ օրակարգն ավելի դրական դառնա»:

«Եվրոպական խորհրդի հայտարարությունը ի պատասխան նախագահ Էրդողանի ռեժիմի բազմաթիվ ագրեսիաներին, ինչպես եւ սպասվում էր, ոչ ավելի, քան լղոզված պնդում է այն մասին, որ ԵՄ-ն «աչալուրջ» կլինի»,- նշել է StopErdoganNow-ից Կրիս Ուիլսոնը: «Խաղաղարարությունը այն քաղաքականությունն է, որը, ըստ երեւույթին, վարում է Եվրոպական հանձնաժողովը: Անցյալ շաբաթ ԵՀ-ն լրագրողներին տեղեկացրել էր, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների մշակման «աշխատանքը դադարեցրել» է՝ հարաբերություններում «ակնհայտ ջերմացման» պատճառով: Այսպես կոչված, ջերմացումը ակնհայտ է միայն նրանց, ովքեր գլխով ավազի մեջ են խրված»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Թուրքիայի սանձարձակությունը դատապարտելու փոխարեն, Բորելը պարզապես «խորը մտահոգություն» է հայտնել: «Նա, սակայն, առանց դժվարության դատապարտեց Մոսկվայից ԵՄ դիվանագետների վտարումը: Ինչի՞ համար են այս երկակի ստանդարտները»,- ասել է նա: «Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ Շառլ Միշելի պատասխանները դիվանագիտության լեզու չեն, սա կապիտուլյացիայի լեզու է: Միակ լեզուն, որը ավտորիտար գաղափարախոսը հասկանում է, ինչպիսին Էրդողանն է, վճռական գործողություններն են»,- նշել է Ուիլսոնը:

StopErdoganNow կոլիցիայի մեջ մտնում են Եվրոպայի արամեական, սիրիական, հայկական, ասորական, կիպրոս-ղպտական, պոնտիական-հունական, քրդական եւ եզդիական համայնքները: