Ապրիլի 2-ին տեղի ունեցավ iTruck (Այթրաք) ընկերության բացումը, ինչի կապակցությամբ զրուցել ենք ընկերության հիմնադիր Դավիթ Զաքարյանի հետ։
Կխնդրեի մի փոքր պատմել գաղափարի ստեղծման եւ ընկերության հիմնադրման մասին
Նախ նշեմ, որ ցանկություն կար հիմնելու տեղեկատվական տեխնոլոգիական լուծումներ պարունակող ընկերություն, և կային բազմաթիվ գաղափարներ, սակայն ընտրվեց իմ կարծիքով ամենապրակտիկը, որը հեշտացնում, արագացնում և կառավարելի է դարձնում միջազգային բեռնափոխադրումների գործընթացը։
Միտքը որոշակիացնելուց հետո, բիզնես գործընթացի նկարագրությունը հանձնեցի թղթին և 2019թ․ նոյեմբերի 22-ին հանձնեցի <<Հայհեղինակ>> գրանցելով հեղինակային իրավունքները։
Ի՞նչ խնդիրներ է լուծում iTruck-ը։
Ընկերությունն ունի հիմնականում 2 ուղղվածություն, որոնք տրամաբանորեն կապված են միմյանց հետ։ Առաջինը արտահանող կամ ներմուծող ընկերությունների և բեռնափոխադրող ընկերությունների միջև բեռնափոխադրման ծառայությունների ստացման ավտոմատացումն է, մասնավորապես՝ պատվիրատու ընկերությունները համակարգում անցկացնում են տենդերներ, իսկ բեռնափոխադրող ընկերությունները ներկայացնում են գնառաջարկներ։ Տենդերի ավարտին լավագույն պայմաններն առաջարկած բեռնափոխադրող ընկերությունը ճանաչվում է հաղթող համակարգի կողմից, և այդ պահից սկսած կողմերը ստանում են միմյանց տվյալները, իսկ համակարգի կողմից գեներացված և էլեկտրոնային ստորագրված բեռնափոխադրման հայտը փոխանցվում է կողմերին՝ կրկին էլեկտրոնային եղանակով։ Երկրորդը բեռի ապահովագրության ծառայության ստացումն է՝ կրկին էլեկտրոնային եղանակով։
Ինչպե՞ս ընտրվեց iTruck անվանումը։
Այը՝ insurance անգլերեն բառի սկզբնատառն է, իսկ թրաքը՝ կրկին անգլերեն truck՝ բեռնատար, բառի տառադարձումն է։
Համակարգում ինչպե՞ս գրանցվել, եւ արդյոք կան որոշակի վճարներ
Համակարգում գրանցումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ կա՛մ www.itruck.am կայքն այցելելով, կա՛մ ներբեռնելով բջջային հավելվածը ios կամ Android համակարգերից։ Գրանցումից հետո ընկերությունների տվյալները անցնում են որոշակի նույնականացում, և հավանության արժանանալու դեպքում հաստատվում համակարգի կողմից։
Համակարգում գրանցվելն ամբողջությամբ անվճար է և՛ բեռնափոխադրողների, և՛ պատվիրատուների համար։
Բեռնափոխադրումների տենդերների ժամանակ կողմերը ճանաչո՞ւմ են միմյանց։
Ո՛չ։ Տենդերները փակ են, և կողմերը ստանում են միմյանց տվյալները գործարքի ավարտի փուլում, երբ կա արդեն հաղթող ընկերություն։
Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր լուծել այն խնդիրը, երբ կան ընկերություններ, որոնք սկզբունքորեն չեն ցանկանում աշխատել որոշակի ընկերությունների հետ։
Այդ նպատակով համակարգում ներդրվել է ՛՛black list՛՛-ի գաղափարը, որով կողմերը սահմանափակում են միմյանց հետ գործարքներ կնքելու հնարավորությունները՝ միևնույն ժամանակ մի կողմը տեղյակ չէ, որ ինքը ՛՛black list՛՛-ում է, ուղղակի տվյալ ընկերության առաջարկները չի ստանում։
Մի փոքր ավելի մանրամասն կպատմեք համակարգի միջոցով բեռի ապահովագրության մասին
Բեռնափոխադրման տենդերի հայտ բացելու պահից սկսած թե՛ բեռնափոխադրող և թե՛ պատվիրատու ընկերությունները կարող են ավտոմատ ստանալ բեռի ապահովագրության գնառաջարկ, և համաձայնվելու դեպքում համակարգի կողմից գործնականում 2-3 աշխատանքային ժամում, հազվադեպ դեպքերում՝ մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով ստանալ հաստատում և ապահովագրության վկայագիրը։ Նշեմ, որ ապահովագրվող բեռը վերաապահովագրվում է համաշխարհային ճանաչում ունեցող և միջազգային A վարկանիշով վերաապահովագրական ընկերությունում։
Համակարգում կա՞ն արդեն գրանցված ընկերություններ
Այո՛։ Մինչև բացումը մենք համակարգում նախապես արդեն գրանցել ենք լավագույն բեռնափոխադրող ընկերություններից շատերին, ինչպես նաև ավելի քան 25 պատվիրատու ընկերություններ։
Այս պահի դրությամբ կարո՞ղ եք նշել Ձեր հիմնական ձեռքբերումները
Պրոդուկտն ինքնին, ինչպես նաև մեր գործընկերներն ու մեր աշխատանքային թիմը։




























