Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում շախմատի առցանց դասընթացների փորձնական ծրագիր է իրականցվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է. «Դեռեւս 2021 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի՝ ի դեմս շտաբի, ՍՀԻԱ բաժնի, եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն ազատազրկված անձանց շրջանում կազմակերպել եւ անցկացնել առցանց շախմատային դասընթացների փորձնական ծրագիր, որի նպատակն է, ի թիվս այլ զբաղմունքների, շախմատի միջոցով եւս ապահովել անազատության մեջ գտնվող անձանց օգտակար զբաղվածությունը։
Այդ ծրագրի մեկնարկային փուլի համար ընտրվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, որտեղ սույն թվականի ապրիլի 1-ին անցկացվել է առաջին առցանց դասընթացը, որին մասնակցել է շուրջ 10 դատապարտյալ։ Դասընթացը վարել է Հայաստանի շախմատի ակադեմիայի, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի մարզիչ, վարպետության թեկնածու Արարատ Հովհաննիսյանը։
Հատկանշական է, որ դասընթացներին մասնակցել են այն դատապարտյալները, որոնք առաջին անգամ են ցանկություն հայտնել մասնակցելու շախմատային խաղերի։
Դասընթացների ավարտին 5 լավագույն մասնակիցներից կազմված թիմը ներկայացնելու է Հայաստանը միջազգային մրցաշարում»:



























