Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կայունացել է, պայմաններ են ստեղծվել խաղաղ կյանքի հաստատման համար: Անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորախումբն է (ՌԽԶ), որը տեղակայված է կողմերի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Այս մասին «Մոսկվա-Բաքու» լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Մեր խաղաղապահների աջակցությամբ գրեթե 53 հազար փախստականներ են վերադարձել իրենց տները, կողմերին փոխանցվել են ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների շուրջ 1700 մարմիններ, կատարվում է տարածքի ականազերծում: Գործում է Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնը: Տուժած շրջաններ է առաքվել ավելի քան 1,5 միլիոն տոննա հումանիտար բեռ եւ 800 տոննա շինանյութ: Բժշկական օգնություն է ցուցաբերվում բնակչությանը, աշխատանքներ են տարվում ոչնչացված ենթակառուցվածքների, էներգա- եւ ջերմամատակարարման վերականգնման ուղղությամբ, կապեր են հաստատվել Ադրբեջանի եւ Հայաստանի մասնագիտացված կառույցների հետ»,- նշել է դիվանագետը:
Նա նաեւ հիշեցրել է, որ այս տարվա հունվարի 11-ին Մոսկվայում, Վ.Վ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներ Ի.Հ. Ալիեւը եւ Ն.Վ. Փաշինյանը հաստատել են նոյեմբերյան պայմանավորվածություններին իրենց հանձնառությունը եւ նշել են հարաբերությունների կարգավորման փոխադարձ տրամադրվածությունը: Մոսկովյան գագաթնաժողովի ավարտին փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը բովանդակային աշխատանքներ է տանում տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ:
«Բնականաբար, մենք հասկանում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են միայն փոխադարձ վստահության անհրաժեշտ մակարդակի հաստատման, երկկողմ հարաբերությունների կարգավորման դժվարին ճանապարհի սկզբին: Այս ճանապարհին հաղթահարելու բազմաթիվ դժվարություններ եւ խոչընդոտներ կան: Մեր ադրբեջանցի եւ հայ բարեկամների հետ փոխգործակցություն կառուցելով՝ մենք շեշտադրում ենք կատարում այն փաստի վրա, որ Հարավային Կովկասի կայունությունն ու կայուն տնտեսական զարգացումը համապատասխանում են այս տարածաշրջանում Ռուսաստանի բոլոր գործընկերների շահերին»,- ասել է նա:
Ի պատասխան այն հարցի, թե պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը օժանդակել հայկական կողմից ականապատված դաշտերի քարտեզի փոխանցման հարցում, Ռուդենկոն նշել է. «Իրոք, ցանկացած հակամարտության վտանգավոր եւ դժվարին վերացվող հետեւանքներից մեկը ականապատված տարածքների խնդիրն է: Ռուսաստանն իր ավանդն է բերում Լեռնային Ղարաբաղում հետկոնֆլիկտային ականազերծմանը: 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորախմբի ջանքերով հայտնաբերվել է ավելի քան 25,3 հազար պայթյունավտանգ օբյեկտ, մաքրվել է շուրջ 1756 հա տարածք, 1615 շենք, 545 կմ ճանապարհային ցանց: Արտակարգ իրավիճակների նախարարության համախմբված խումբը, որը գործում է Մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնի շրջանակներում, լուծում է տարածաշրջանում նմանատիպ խնդիրները: Այս տարվա հունվարի 4-ից ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ Ադրբեջանի Աղդամի շրջանի տարածքում հումանիտար ականազերծման աշխատանքներ են տարվում»:





























