Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունը կվկայագրվի որպես մալարիայից ազատ գոտի: Այդ մասին նշված է Հայաստանում մալարիայի դեմ պայքարի 2011-15 թ.թ. ծրագրում:

2006 թվականից Հայաստանում տեղական ծագման մալարիայի դեպքեր չեն արձանագրվել: Հայաստանը եվրոպական տարածաշրջանի այն երկրներից է, որոնց հաջողվել է հասնել հիվանդության էլիմինացմանը` երկրի տարածքում մալարիայի տեղական դեպքերի վերացմանը:

Հիշեցնենք, որ 1994 թ., 31 տարվա ընդմիջումից հետո, մալարիան կրկին արմատավորվեց Հայաստանում եւ սկսեցին արձանագրվել մալարիայի տեղական դեպքեր` Արարատի եւ Արմավիրի մարզերում: Մալարիայի դեմ պայքարի եւ կանխարգելման պայքարի համալիր միջոցառումների շնորհիվ հաջողվեց կանխել հիվանդության հետագա տարածումը, ընդհատվեց տեղական փոխանցումը:

Նշենք, որ ներկայում աշխարհի ավելի քան հարյուր երկիր` 2 մլրդ բնակչությամբ համարվում են մալարիայի էնդեմիկ տարածք: Մալարիան այսօր էլ շարունակում է մնալ աշխարհի շատ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը: