«168 ժամ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ամեն ինչ անում է, որպեսզի Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնում նշանակվի իր որդին՝ պատգամավոր Արման Սահակյանը. «Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս այդ պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանը: Հավելենք, որ եթե Գ. Սահակյանին հաջողվի իր տղային «տեղավորել» այդ պաշտոնում, ապա նա միանգամից կլուծի նաեւ հաջորդ գումարման ԱԺ-ում իր մանդատի հարցը: Բանն այն է, որ իշխանությունները Գ. Սահակյանին հասկացրել են, որ Սահակյաններից միայն մեկին է հնարավորություն տրվելու մտնել խորհրդարան: Ինչպես նշել էինք մեր թերթի նախորդ համարներից մեկում, Ա. Սահակյանը այդ խոսակցությունից հետո սկսել էր տարբեր տեղերում հայտարարել, թե ինքը չի ցանկանում այլեւս դառնալ պատգամավոր, եւ, որ իր «տեղը» գործադիրում է: Հիշեցնենք, որ Գ. Սահակյանի մյուս որդին՝ Տիգրան Սահակյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալն է»,- գրում է «168 ժամ»-ը: