Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր զորքերին հրամայել է զանգվածային ձերբակալություններ իրականացնել Թուրքիայի հետ սահմանին: Մասնավորապես զորքերն այս գիշեր մտել են  Հալեպ քաղաք, որտեղ ձերբակալել են 23 մարդու, այդ թվում` տեղական համալսարանի 10 ուսանողների եւ տեղական մզկիթի մոլլային:

Սիրիայի իրադարձությունների կապակցությամբ Բարաք Օբաման այսօր գիշերը կապվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Քաղաքական գործիչները քննարկել են միջոցները, որ պետք  է ձեռնարկել Բաշար Ասադի ռեժիմը սեփական ժողովրդի նկատմամբ պակաս ագրեսիվ դարձնելու համար, հաղորդում է Zman.com-ը:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Հաթայ նահանգում են տեղակայված Սիրիայից փախած մոտ 8,5 հազար փախստականներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, նախօրեին Ասադն իր ուղերձում հայտարարել է, թե խորհրդարանական ընտրությունները Սիրիայում կայանալու են օգոստոսին, իսկ «բարեփոխումների փաթեթը ներկայացվելու է սեպտեմբերին»: