Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքը ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ փոխվել է: Այդ մասին այսօր` հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը: Երկու իրադարձություն, համենայնդեպս, վկայում են այդ մասին:
Առաջինը Դովիլյան հռչակագիրն է, որ համանախագահներն ընդունել են ֆրանսիական Դովիլ քաղաքում G8-ի գագաթաժողովի ժամանակ մայիսի վերջերին: Այնտեղ կոչ է ուղղված ոչ թե Ադրբեջանին ու Հայաստանին, ինչպես նախորդ մի քանի հռչակագրերում, այլ հակամարտող կողմերին, որ ինչպես հայտնի է, երեքն են` Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ: Սա անուղղակիորեն վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը հակված է ճանաչել ԼՂ իշխանությունների մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային փուլում:
Բացի այդ` Դովիլյան հռչակագրում հստակ նշված է կոնֆլիկտի պատճառը, այն է` Ադրբեջանի ռազմական ագրեսիան: Նշվել է նաեւ, որ համանախագահող երկրները կդատապարտեն Ադրբեջանին ագրեսիան վերսկսելու դեպքում: Ըստ Գ. Մինասյանի, համանախագահող երկրները պետք է ավելի առաջ գնան եւ հստակ հայտարարեն, որ ագրեսիան վերսկսելու դեպքում միջազգային հանրությունը կճանաչի ԼՂ ինքնիշխանությունը, ինչն էլ կկանխի պատերազմի վերսկսումը:
Երկրորդ դրական միտումը արտահայտվել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի վերջին հարցազրույցում: Դեսպանն այդ հարցազրույցում նշել է, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության հանրաքվեի արդյունքում, իսկ մինչ այդ ԼՂ-ն պետք է ստանա միջազգային սուբյեկտի կարգավիճակ:
Պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցները լիովին անտեսել են Ա. Կասպրչիկի հարցազրույցը` այն ադրբեջանական հասարակությունից թաքցնելու նպատակով, ինչպես նաեւ ճիշտ չեն ներկայացնում Դովիլյան հռչակագիրը:




























