Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ վրաց պատրիարք Իլյա Բ-ի հայտարարության պատասխանը տրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի քարտուղար Վահրամ Մելիքյանի կողմից: Այդ մասին Մայր Աթոռում կայացած ասուլիսում հայտարարել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի ցանկանում գնահատական տալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի արած հայտարարությանը:
«Անձամբ Ամենայն հայոց կաթողիկոսն Իլյա Երկրորդի հանդեպ հարգանք է տածում եւ հարգում է նաեւ նրա փորձառությունը»,-հայտարարեց Մելիքյանը` հավելելով, որ ասվածը լավագույնս արտահայտում է Մայր Աթոռի դիրքորոշումը Վրաց պատրիարքի` Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին արված հայտարարությունների վերաբերյալ:
Նշենք, որ ըստ «Գրուզիա Online»-ի` Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը հունիսի 19-ին Սուրբ Երրորդության տաճարում կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտարարել է. «Գարեգին Երկրորդը երիտասարդ է, եւ, հավանաբար, անհրաժեշտ է, որ ավելի մեծ փորձառություն ձեռք բերի: Նա խելացի է, սակայն ցանկանում է ամեն ինչ արագ անել, ինչը չի ստացվում: Ես նրան ասացի, որ մեծ փորձառություն ունեմ, ուստի հանդարտությունն ամենալավն է»,- նշել է Իլյա Երկրորդը:
Նա նաեւ նշել է, որ վրաց եկեղեցին բաց է բոլորի համար, բայց նա չի կարող «թույլ տալ ճնշում վրաց ժողովրդի եւ Վրաստանի նկատմամբ»:




























