Բանգլադեշի քաղաքացին, որը Դուբայի քաղաքային ավտոկայանատեղերից մեկում տեսանյութ է նկարահանել, կրակոցների ու մարդկանց բղավոցների ձայներ է տեղադրել եւ հրապարակել TikTok սոցիալական ցանցի իր էջում, չորեքշաբթի օրը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման եւ հինգ հազար դրահմա տուգանքի, հաղորդում է Gulf News թերթը:
Հրապարակման համաձայն՝ Դուբայի դատարանը նաեւ պատիժը կրելուց հետո 34-ամյա բանգլադեշցուն, ով քաղաքում մատուցող էր աշխատում, արտաքսելու որոշում է կայացրել:
Տեսանյութը լայն տարածում է գտել TikTok- ում, որից հետո ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել է տղամարդուն: Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ ինքն է հրապարակել տեսանյութը: TikTok-ի նրա էջն արգելափակված է:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կիբեռհանցագործությունների մասին օրենքի 28-րդ հոդվածն արգելում է ազգային անվտանգությանը եւ հասարակական կարգին սպառնացող լուսանկարներ եւ տեսանյութեր հրապարակել։



























