Լեհ հետազոտողները, որոնք ուսումնասիրել են հին եգիպտական մումիան, որը, ինչպես նրանք ենթադրում էին, պետք է տղամարդ քահանա լիներ, զարմացել են, երբ ռենտգենյան պատկերները եւ համակարգչային հետազոտությունները ցույց են տվել, որ դա կնոջ մումիա է հղիության յոթերորդ ամսում:
Հետազոտողները ասում են, որ սա աշխարհում հղի կնոջ այսքան լավ պահպանված հնագույն մումիայի առաջին հայտնի դեպքն է:
Մումիան Վարշավա է բերվել 1826 թվականին, իսկ դագաղի գրությունը վկայում է տղամարդ քահանայի մասին:
«Առաջին անակնկալն այն էր, որ նա առնանդամ չուներ, բայց փոխարենը կուրծք եւ երկար մազեր ուներ, իսկ հետո մենք իմացանք, որ սա հղի կին է»,- Associated Press-ին ասել է մարդաբան եւ հնագետ Մարզենա Օզարեկ-Սիլկեն: «Երբ մենք տեսանք ոտքը, իսկ հետո թաթիկը (պտղի), մենք իսկապես ցնցվեցինք»։
Ըստ նրանց գնահատականների՝ կինը 20-30 տարեկան է եղել, իսկ երեխայի գանգի չափից կարելի է ենթադրել 26-28 շաբաթական հղիության մասին:
«Սա մեր ամենակարեւոր եւ նշանակալի գտածոն է, լիակատար անակնկալ»,- ասել է Վոյցեխ Էյսմոնդը՝ Լեհաստանի գիտությունների ակադեմիայից: «Սա հնարավորություն է ստեղծում իմանալ հղիության եւ դրա բարդությունների բուժման մասին հին ժամանակներում»:
Հետազոտողները ասում են, որ զմռսման հրաշալի որակը վկայում է, որ այն կարող էր կատարվել մ.թ.ա. առաջին դարից շատ առաջ։




























