Քաղաքական ուժերի միջեւ երկխոսությունն այն ուղիղ մեխանիզմն ու անընդհատ գործընթացն է, որը թույլ է տալիս նպաստել երկրում առկա խնդիրների լուծմանը։ «Իշխանության եւ ընդդիմության միջեւ քաղաքական բանակցությունների կայացման խոչընդոտները եւ հեռանկարները Հայաստանում» խորագրով հունիսի 22-ին կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով, արդեն երեք տարի է, ինչ իշխանություններն, ի դեմս քաղաքական տարբեր ուժերի մասնակցությամբ հրավիրվող խորհրդակցությունների, ձեռք են մեկնում նրանց, ինչն էլ, պատգամավորի խոսքով, յուրօրինակ քաղաքական ոճ եւ ձեռագիր է դառնում։ «Ւնչ վերաբերում է բուն երկխոսությանը, այն, որպես քաղաքական տարբեր ուժերի միջեւ համագործակցության տեսակ, հասարակական խնդիրների լուծման մեխանիզմներ է ենթադրում։ Սակայն փաստ է, որ հաճախ երկխոսության կայացման բազմաթիվ խոչընդոտներ են լինում, որոնցից յուրաքանչյուրը գործընթացի որոշակի փուլում որոշիչ դեր ու նշանակություն է ձեռք բերում»,- նկատեց Արտակ Զաքարյանը։
Ամփոփելով՝ ՀՀԿ-ական պատգամավորը հռետորական հարց հնչեցրեց. «Իսկ ո՞վ է ասում, որ երկխոսության համատեքստում ամբողջովին ճիշտ է իշխանությունը կամ ամբողջովին ճիշտ՝ ընդդիմությունը»։
Նշենք, որ մայիսի 31-ի ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը պատրաստվում է 3-5 հոգանոց պատվիրակություն կազմել (այն արդեն կազմվել է), որն էլ կսկսի իշխանությունների հետ բանակցությունները, մինչդեռ իշխանական թեւը հրաժարվում է բանակցությունների ձեւաչափից եւ կողմ արտահայտվում սովորական քննարկումներին։




























