ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հունիսի 24-ին Կազանում կայանալիք հանդիպման նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ԼՂ հակամարտության միջնորդներին կոչ է անում զերծ մնալ ստեղծված հավասարակշռությունը եւ խաղաղությունը խաթարող քայլերից:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
- Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում խաղաղության պահպանման գործընթացում.
- Ողջունելով բանակցային գործընթացում կողմերին առաջարկված միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքները` ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը, եւ բացառելով այդ երեք սկզբունքների հիման վրա որեւէ քայլի ճշտում` առանց ԼՂՀ-ին բանակցային գործընթացում ուղղակի ներգրավման.
- Գնահատելով բանակցային գործընթացում ՀՀ դերակատարությունը, հատկապես որպես ԼՂՀ անվտանգության երաշխավորի.
- Տեղեկացված լինելով Մինսկի խմբի համանախագահների միջոցով ԵԱՀԿ-ին փոխանցված ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումներին.
- Գիտակցելով, որ փաստացի (դե ֆակտո) կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմամբ` որպես ինքնուրույն եւ անկախ պետություն, տարածաշրջանում կհաստատվի կայուն խաղաղություն, որը փաստվեց Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային
Օսեթիայի միջազգային ճանաչմամբ.
- Անընդունելի համարելով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում, այն դիտարկելով որպես ուղղակի միջամտություն ինքնիշխան եւ անկախ պետության ներքին գործերին.
- Անընդունելի համարելով արդեն իսկ 17 տարիներ պահպանվող խաղաղության իրական երաշխիքներից հետքայլը.
- Համոզված լինելով, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում առանց ԼՂՀ լիիրավ մասնակցության, որպես բանակցող կողմ, անհնարին է առաջընթացի արձանագրում, իսկ խախտված ձեւաչափով բանակցային գործընթացը չի կարող ամբողջական եւ վերջնական լուծում առաջարկել.
- Առաջնային համարել եւ բանակցային գործընթացի հիմք ընդունել Արցախի ժողովրդի հանրաքվեներով արտացոլված ազատ կամքի արտահայտությունները.
- Անհրաժեշտություն համարելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ այլ միջնորդական առաքելությունները պետք է իրնց ջանքերը ներդնեն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության ոչ թե հետեւանքների, այլ հրահրված պատերազմի հիմնական պատճառների վերացման ուղղությամբ, որը առանցքային հարց չի դիտվել մինչ այժմ տեղի ունեցած գորընթացներում.
- Հավատացած լինելով, որ ԼՂՀ ժողովուրդը ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները, իրավունք ունի ինքնուրույն տնoրինելու իր ճակատագիրը եւ իր երկրի ապագան.
- Վստահ լինելով, որ իրավունքի համար արդարացի պայքարի հաղթանակը կանխորոշված է, իսկ մեր երկրի անկախության ճանաչման գորընթացը անշրջելի.
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն վերոնշյալ բոլոր հիմնավորումներից ելնելով`
ա) Վերահաստատում է իր վճռակամությունը արցախյան ազատագրական պայքարը վերջնական հանգրվանին հասցնելու համար:
բ) Կոչ է անում համանախագահներին ու միջնորդական առաքելություն իրականացնող բոլոր կողմերին` զերծ մնալ ստեղծված հավասարակշռությունը եւ խաղաղությունը խաթարող քայլերից:




























