Հայաստանի անկախութունից հետո ընդունվել են բնապահպանության ոլորտը կանոնակարգող 30-ից ավելի օրենքներ եւ օրենսգրքեր, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի առանձին ճյուղերին` հող, ջուր, մթնոլորտ, ընդերք, կենդանական եւ բուսական աշխարհ, բնության հատուկ պահպանվող տարածքներ եւ այլն:
Սակայն այդ օրենքները թույլ են փոխկապակցված եւ նեղ խնդիրներ են լուծում: Այդ պատճառով բնապահպանության նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացել «շրջանակային» օրենք ընդունելու առաջարկություն: Հունիսի 23-ի նիստում կքննարկվի
«Էկոլոգիական քաղաքականության մասին» օրենքի նախագծի հայեցակարգային դրույթները: Այդ մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը:
Նմանատիպ բնապահպանական օրենսգրքեր գործում են արդեն Նիդեռլանդներում (1997թ.), Շվեդիայում (1999թ.), Ֆրանսիայում (2000թ.) եւ այլն: 2005 թվականին մշակվել է բնապահպանական օրենսգրքի օրինակելի մոդելը Անկախ Երկրների Համագործակցության անդամ երկրների համար:
«Էկոլոգիական քաղաքականության մասին» օրենքը պետք է հիմնաքար հանդիսանա բոլոր բնապահպանական իրավական փաստաթղթերի համար:




























