Հայկական կողմը դեռեւս 2007թ. հայտարարել է, որ այն սկզբունքները, որ դրվել են Մադրիդյան սկզբունքների հիմքում, հնարավորություն են տալիս հասնելու արդար կարգավորման` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման: Այս մասին այսօր` հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակների հարցերին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Խնդիրն այն է, որ մենք այդ սկզբունքները հասկանում ենք մի կերպ, ադրբեջանցիներն` այլ կերպ: Ադրբեջանցիները վերջին տարիներին, բոլոր պաշտոնյաների, ընդհուպ մինչեւ նախագահի բերանով հայտարարում են, որ պատրաստ են ռազմական եղանակով հասնելու խնդրի կարգավորան: Դա առաջին սկզբունքի խախտում է:
Երկրորդ սկզբունքի հարցում մեզ համար հարցական չկա: Հայաստանի կառավարությունը երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել ոչ միայն Ադրբեջանին, այլեւ որեւէ այլ երկրի: Այդ պատճառով էլ Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Ազգերի ինքնորոշման սկզբունքը մեզ համար հասկանալի է, ընդունելի է, դա հնարավորություն տվեց վերջին տարիներին մի քանի տասնյակ պետություններ ստեղծել»,- նշել է Հայաստանի նախագահը:
Նրա ներկայացմամբ, ադրբեջանցիներն այլ կերպ են մտածում: «Ադրբեջանցիներն ասում են, թե ընդունում են այդ սկզբունքները, այդ թվում ազգերի ինքնորոշման սկզբունքը, բայց կոնկրետ դեպքում, իրենց սահմաններում: Մենք ասում ենք, որ դա խուզած ինքնորոշում է:
Ինքնորոշումը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն տա ինքնուրույն լուծել իր ճակատարգիրը: Մադրիդյանը սկզբունքների էությունն այն է, որ չեն կարող չընդունվել: Մենք որեւէ վերապահում չունենք»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:



























