Հայաստանի ոստիկանապետը օրինաչափ է համարում, որ մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանը երկու կրակոցով սպանել է 30-ամյա երիտասարդին:
«Իմ կարծի՞քն եք ուզում իմանալ, որպես ոստիկանապետ: Ես կարծում եմ, որ ամեն ինչ արվել է օրինաչափ, ոստիկանի արարքի մեջ որեւէ խախտում չկա»,- այսօր հունիսի 23-ին լրագրողներին ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
«Սա սովորական դեպք է, սա կարող է ամեն օր պատահի եւ ըտենց կողմնորոշվել, թե ինչի պիտի ոտքին չկպներ կամ կպներ մատի ծայրին, իմ կարծիքով սա ճիշտ չէ: Ովքեր մի անգամ հրազենի հետ գործ են ունեցել, պիտի հասկանան, որ հրազեն օգտագործելը տիրում չի, որ մի տեղ էլ ստեղ ընդեղ տեղադրած լինի, այն էլ այն պահին, այն վիճակում, երբ դիմացինը կրակ է արձակում քեզ վրա: Եվ այդ պահին կողմնորոշվել, խփել մարմնի մատերի ծայրին, ոչ մեկ դրանից պաշտպանված չի եւ չի կարող ոստիկանից պահանջի»,-ասել է Ալիկ Սարգսյանը:
Դիտարկմանը, թե նրա ծնողները հավաստիացնում են, որ իրենց որդին չի եղել հետախուզվողը եւ շփոթել է ոստիկանը, Սարգսյանը պատասխանել է. «Ծնողների ասելով չի: Այս պահին փորձաքննություն է գնում, այս պահին տուժողները գալիս տեսնում, ճանաչում են, հիմա ես հավատամ ծնողների ասածի՞ն»:
Ոստիկանապետի խոսքով, ինքը չի հիշում մի դեպք, երբ հանցագործի ծնողը խոստովանում է, որ որդին այդիպիսին է. «Ես չեմ հիշում մեկ այսպիսի դեպք, երբ հանցագործի ծնողը հայտարարի, որ իմ տղան մեղավոր է եւ պիտի պատժվի: Ամեն դեպքում, ես իմ երկար տարիների աշխատանքի ընթացքում նման ծնող չեմ տեսել: Բոլորի ծնողներն այն կարծիքին են, որ տղան անմեղ է եւ դա հազար անգամ եմ լսել: Փորձում ապացուցում ես, այդ պահին լսում համոզվում են, բայց 15 րոպե անց նորից այն կարծիքին են, որ անմեղ է: Թերթերն էլ գրում նա «ֆսյո տկի» քո տղան չի, որովհետեւ նա վատ տղա չի: Հիշում եք էն ժամանակ որ նստած խոսում էինք, ինչքան բարի էր ինչքան մեկին օգնեց: Էն անգամ էլ խոսում էր կյանքից, էլ չենք խոսում, որ կինը ճանապարհում է աշխատանքի, շատ հուզիչ տեսարան էր»,-հեգնել է ոստիկնապաետը:
Նշենք, որ «Ժամանակ» թերթը զրուցել է ոստիկանի գնդակից մահացած Արման Երգիբարյանի ընտանիքի անդամների հետ: Պարզվել է, որ ոստիկանը Արման Ենգիբարյանի վրա (նա «Խոհարարների ասոցիացիայի» նախագահն էր) կրակել է երկու անգամ` որովայնին, ապա պարանոցին, իսկ Արմանի ձեռքին եղել է ընդամենը գազային ատրճանակ: Արմանի հայրը թերթին ասել էր. «Ինձ միայն մի հարց ա հետաքրքրում՝ առանց դատարանի որոշման, առանց ոչ մի բանի, լրագրողները հեռուստացույցով, թերթերում գրում են՝ վնասազերծել են հանցագործին, եւ այդ հանցագործին ոստիկանը վնասազերծում է երկու կրակոցո՞վ, մեկը որովայնին ա խփում, մյուսը՝ գլխին: էդ ի՞նչ ա նշանակում՝ քիլլե՞ր ա եղել մեր ոստիկանը»: Նրա խոսքով, ոստիկանները երբեւէ իր տուն չեն եկել, Արմանը երբեք հաշվառման մեջ չի եղել, հետախուզման մեջ չի եղել, եւ ինքը դժվարանում է սպանության որեւէ կոնկրետ վարկած առաջ քաշել:




























