Նախատեսվում է մինչեւ տարեվերջ Երեւանի կենտրոնում տեղադրել մոտ 60 տեսախցիկ, որից հետո դրանք կլինեն Երեւանի մյուս վարչական շրջաններում, այնուհետեւ` մարզերում: Այդ մասին այսօր` հունիսի 23-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Հարցին, թե արդյոք այդ տեսախցիկները մարդու իրավունքների խախտում չե՞ն նշանակում, Ա. Սարգսյանը պատասխանեց, որ ընդհակառակը, դա բխում է մարդկանց շահերից: «Կոնկրետ իմ շահերը չի ոտնահարվի, եթե ես իմ ընտանիքով լինեմ որեւէ հասարակական վայրում, եւ տեսախցիկը ֆիքսի ամբողջ շարժը, օրինակ Հյուսիսային պողոտայում: Հասարակական վայր է, թող նկարահանվի»,- ասաց ոստիկանապետը:

Նրա տեղեկացմամբ` Եվրոպական երկրների 90 տոկոսում նման վերահսկողություն է կիրառվում: Մոսկվայում 120 հազ. տեսախցիկ է գործում, նույնիսկ դպրոցների միջանցքներն են նկարահանվում, եւ այդ ամբողջը միացած է օպերատիվ կառավարման կենտրոնին: «Դա կնպաստի քաղաքացիների անվտանգությանը, հեշտացվի հանցագործության դեմ պայքարը, զգոնություն կառաջացնի քաղաքացիների մոտ, կհասկանան` որ փողոցում իրավախախտում թույլ տալ չի կարելի»,- հավելեց ոստիկանապետը: