Թուրքիայում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից առաջադրած անկախ թեկնածու Հաթիփ Դիջլեյին պատգամավոր չգրանցելու փաստը Թուրքիայի մի շարք բնակավայրերում բողոքի ալիքներ է բարձրացրել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրից ռեկորդային քվեներով ընտրված Հաթիփ Դիջլեյին պատգամավոր չգրանցելու դեմ բողոքի լուրջ գործողություններ են տեղի ունեցել Ստամբուլում եւ Իզմիրում, որտեղ ցուցարարները բղավել են, թե Բարձրագույն ընտրական խորհուրդը հեղաշրջում է իրականացնում իշխող կուսակցության հետ եւ պահանջել է որոշումը հետ կանչել։
Գրեթե բոլոր տեղերում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին՝ օգտագործելով արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ։ Իսկ Թուրքիայի հարավ-արեւելյան քրդաբնակ շրջաններում ի նշան բողոքի փակ են եղել բոլոր առեւտրական տաղավարներն ու խանութները:
Նշենք, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի փոխնախագահ Թուրան Քարաքայան 7 ժամ տեւած քննարկումներից հետո հայտնել էր, թե Հաթիփ Դիջլեին պատգամավոր չեն գրանցել, քանի որ նա նախկինում 1 տարի 8 ամիս դատվածություն է ունեցել:
Քուրդ քաղաքական գործիչների «Ժողովրդավարական հասարակության միություն»-ը (DTK) խիստ է արձագանքել Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի որոշմանը եւ պնդել, թե այդ որոշման մեջ կարեւոր դերակատարություն է ունեցել իշխանությունը։
DTK-ն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել, որի ավարտից հետո հայտարարություն է տարածել՝ սպառնալով, որ այս որոշման հետեւանքով սկսվելիք քաոսի պատասխանատուն է լինելու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։
Հայտարարության մեջ իշխող կուսակցությանն ու գլխավոր ընդդիմությանը կոչ է արվել որոշումը հետ կանչելու համար շտապ քայլեր ձեռնարկել, իսկ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը՝ ժողով հրավիրել եւ իր լուր աշխարհի հայտարարել, որ հրաժարվում են առանց Հաթիփ Դիջլեյի մտնել խորհրդարան։




























