Հայաստանի ոստիկանապետը պատրաստ է խրախուսել այն ոստիկանին, ով մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ երկու կրակոցով սպանել է 30-ամյա Արման Ենգիբարյանին:
«Բոլոր եզրակացություններին կծանոթնամ ըստ այդմ ոստիկանին կխրախուսեմ, եթե բոլոր ծառայությունները գտնում են, որ նա օրինաչափ է գործել: Ես առայժմ չեմ պատրաստվում մեծարել ու պարգեւատրել ոստիկանին, քանի դեռ նախաքննությունը չի ավարտվել», -այսօր` հունիս 23-ին լրագրողներին ասել է ՀՀ ոստիկնաապետ Ալիկ Սարգսյանը:
«Ես տակտը կպահեմ, կսպասեմ բոլոր եզրակացություններին, կծանոթնամ, ըստ այդմ ոստիկանին կխրախուսեմ, եթե բոլոր ծառայությունները գտնում են, որ նա օրինաչափ է գործել: Ես առայժմ չեմ շտապում»,-ասել է ոստիկանապետը, ով մինչ եզրակացությունները, այնուամենայնիվ, պնդում է, որ ոստիկանի արարքը իրավաչափ է եղել:
«Ժողովուրդ, ես իմ կարծիքն իրավունք ունեմ ասեմ, շատ ուրիշ կերպ եմ վերաբերվում նրա ծնողներին, ինչու չէ, ցավում եմ, երիտասարդ տղա է, կյանքից հեռացել է, էդ ամեն ինչը ես էլ եմ շատ լավ հասկանում եմ, բայց միաժամանակ ինձնից շատ բան մի սպասեք: Ես ասում եմ այն, ինչ այս պահին մտածում եմ: Միգուցե այդ պահին ուսերս թեթեւացավ, ինձ լավ զգացի, որ իմացա հանցագործը վնասազերծված է: Չէ՞ որ տեռորի է ենթարկել ամբողջ քաղաքը»,- ասել է նա:
Լրագրողի հարցին,, թե արդյոք ոստիկանի արարքը չի՞ վկայում նրա ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին, Ա. Սարգսյանը պատասխանել է. «Ես շատ կուզենայի, որ կպներ ոտքին կամ ընդհանրապես կրակոց չլիներ: Մեր զենքերը որ մեզ հատկացված են, մարտական զենքեր են, մակարով տեսակի ատրճանակներ, իսկ ո՞վ է ասել, որ Մակարովից հետո խնձոր էին բաժանել: Կրակոցից հետո պարզ է` մարդ էլ կմահանա, մեկը կվիրավորվի, մեկը կմահանա: Նորմալ եմ համարում այնքանով, քանի որ աշխատանքում ամեն ինչ կարող է լինել»:
Նշենք, որ ոստիկանը Արման Ենգիբարյանի վրա (նա «Խոհարարների ասոցիացիայի» նախագահն էր) կրակել է երկու անգամ` որովայնին, ապա պարանոցին, իսկ Արմանի ձեռքին եղել է ընդամենը գազային ատրճանակ: Արմանի հոր խոսքով, ոստիկանները երբեւէ իր տուն չեն եկել, Արմանը երբեք հաշվառման մեջ չի եղել, հետախուզման մեջ չի եղել, եւ ինքը դժվարանում է սպանության որեւէ կոնկրետ վարկած առաջ քաշել:




























