Եթե տարիներ առաջ Հայաստանում տղաների մոտ առաջին սեռական հարաբերություն ունենալու տարիքը 17-18 էր, ապա այժմ այդ շեմն իջել է մինչեւ 15-16-ի. շեմն իջել է նաեւ աղջիկների մոտ։ Հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ աղջիկների մասով կոնկրետ թիվ չի կարող նշել։

«Ինֆորմացիայի պակասի եւ սեռական դաստիարակության ցածր մակարդակի ֆոնին այս պատկերը մտահոգիչ է հատկապես հանրապետության մարզերում»,- նշեց նա:

Անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանում աճի միտում դրսեւորող անպտղության թեմային՝ սեքսոպաթոլոգը նկատեց, որ հատկապես մեծ չափեր է ընդունում տղամարդկանց անպտղությունը։

«Չնայած մեզանում ընդունված է անպտղության համար առաջինը կասկածել եւ մեղադրել կանանց, սակայն վերջին տարիների վիճակագրությունն այլ բան է ցույց տալիս։ Տղամարդկանց անպտղության պատճառներն ամենատարբեր են՝ սկսած սեռավարակներից, վերջացրած էկոլոգիական պայմաններով։ Հատկապես առաջիններն են ազդում սերմնահեղուկի որակի եւ քանակի վրա, ինչն էլ իր հերթին բերում է անպտղության»,- նկատեց սեքսոպաթոլոգը՝ սեռավարակներից, հետեւապես անպտղությունից խուսափելու համար արական սեռի ներկայացուցիչներին խորհուրդ տալով զերծ մնալ պատահական սեռական կապերից։