Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Մալիում կորած լրագրողին, ամենայն հավանականությամբ, գերի է պահում ահաբեկչական խմբավորումներից մեկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ամեն ինչ ստիպում է մեզ մտածել, որ նա ջիհադիստական խմբավորումներից մեկի պատանդն է»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ իշխանություններն անհրաժեշտ ամեն ինչ անում են լրագրողին օգնելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությունը հետաքննություն է սկսել Մալիում լրագրող Օլիվյե Դյուբուաին առեւանգելու դեպքի առթիվ: Ահաբեկիչների կողմից նրա առեւանգման մասին ավելի վաղ հայտնել էր «Լրագրողներ առանց սահմանների» ՀԿ-ի գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը:

Իր հայտարարության մեջ նա հղում էր արել համացանցում հայտնված մի տեսանյութի, որում Դյուբուան ասում է, որ իրեն առեւանգել է «Ջամաթ Նուսրաթ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին» խումբը: Այն ստեղծվել է 2017-ի գարնանը եւ կապված է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ: